Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5–ին տեղի ունեցած ողբերգական դեպքից ցնցված ու զարմացած են։ Ընտանիքը, որտեղ նախնական տեղեկություններով, 40–ամյա հայրն այսօր առավոտյան 9–րդ հարկից դուրս է նետվել իր երկու երեխաների հետ, հարևանների տպավորությամբ հանգիստ, նորմալ ընտանիք է եղել։ Նրանք տեղեկություն չունեն այն մասին, որ ամուսիններն ամուսնալուծված է եղել։ Շենքում բնակվել են վաղուց։ Հարևանները նաև չեն լսել, որ տղամարդը որևէ հոգեկան խնդիրներ ունենար։

«Եթե այդպես լիներ, ոնց կարող էր ծառայել»,– ասաց հարևաններից մեկը՝ նշելով, որ տղամարդը ՌԴ–ում է ծառայել, եղել է սպա։


Այս պահին հարևանները հավաքված են շենքի բակում։ Նրանք NEWS.am-ի թղթակցին ասացին, որ երկու օր առաջ են հորը տեսել երեխաների հետ բակում մարզվելիս։

Որտեղ է այս պահին ընտանիքի մայրը, հարևանները տեղեկություն չունեն։ Նրանք միայն լսել են, որ դեպքի պահին երեխաների մայրը տանը քնած է եղել։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը: