«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գուրգեն Խաչատրյանի որդին հասցրեց իրավապահների քթի տակ թաքնվել քննությունից՝ գրավոր հրաժարվելով կալանավոր լինելու կարգավիճակից:


Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ առկա մեղադրանքը լրացվել է, և նա մեղադրվում է կաշառք ստանալուն աջակցելու համար, մինչդեռ մի քանի օր առաջ Գուրգեն Խաչատրյանը անարգել հարցազրույցներ էր տալիս, հանդիպումներ ունենում և խոսում իրենց ընտանիքին պատկանող «Յուքոմ» ընկերության մասին:

Այդ ինչպե՞ս ստացվեց, որ իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող Խաչատրյանը հանկարծ հասցրեց անհետանալ, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս հարցը հնչում է արդեն մի քանի օր, և իրավապահները դարձյալ քննադատության թիրախում են:


«Ժողովուրդ» օրաթերթը իրավապահ մարմիններին մոտ կանգնած իր աղբյուրներից պարզել է, որ Խաչատրյանի մասով հստակ ինֆորմացիա կա. նա երկրից դուրս չի եկել, ստուգվել են և՛ պետական սահմանները, և՛ ՀՀ սահմանները զարտուղի ճանապարհով հատելու բոլոր հնարավորությունները, անգամ գետերի միջով անցնելու տարբերակները. Խաչատրյանը թաքնվում է Հայաստանում: Թե որտեղ է թաքնվում, առաջիկայում կա՛մ կպարզվի, կա՛մ այդպես էլ կշարունակվի հետախուզումը, ինչպես ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեպքում, որի մասին ևս ինֆորմացիա եղավ, որ Հայաստանում է մնում, սակայն այդպես էլ չեն գտնում նրան արդեն 2 տարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: