Էջմիածնի Ներսիսյան անտառը, որը նախկինում զբաղեցնում էր 12 հա տարածություն, տարիների ընթացքում հատվելով, մնացել է 3 հեկտար։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. ««ՉԻ» տեղեկություններով՝ տարօրինակ է, բայց փաստ, որ անտառը մեծ վտանգ կարող է ներկայացնել շրջակա միջավայրի համար։ Հիշեցնենք, որ անտառի տակ իրենց վերջին հանգրվանն են գտել 1915թ. ցեղասպանությունից փրկված, սակայն սովից, տիֆից ու խոլերայից մահացած մեր հայրենակիցները։
Անտառը հիմնվել է ամեն տեսակ վարակների տարածումը կանխելու համար, սակայն այսօր այն վարակի աղբյուր է հանդիսանում։
Նշենք, որ այս վայրում խրախճանքի եւ ժամանցի օբյեկտներ են կառուցվել։ Նախ, բարոյական տեսակետից այնքան էլ ընդունելի չէ հանգամանքը, որ գերեզմանների վրա տնկված անտառը խրախճանքի վայրի է վերածվել, մյուս կողմից՝ թե կենսաբանների, թե համաճարակաբանների կարծիքով՝ տեղանքը վտանգավոր է խոլերայի եւ տիֆի հարուցիչների ի հայտ գալու առումով...»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» :