Վաղը տեղի կունենա ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդու՝ Դավիթ Մովսիսյանին կալանավորելու դեմ նրա պաշտպանի բողոքի քննությունը։ Շմայսի որդին շուրջ 4 ամիս է՝ գտնվում է «Շուշի» քրեակատարողական հիմնարկում։ Նրա պաշտպան Գոռ Գևորգյանը «Հրապարակին» փոխանցեց, որ այս 4 ամիսների ընթացքում Դավիթ Մովսիսյանի նկատմամաբ քննչական-դատավարական որևէ գործողություն չի կատարվել․

«Քրեական գործը նախաքննության փուլում է, 4 ամիս Դավիթ Մովսիսյանի նկատմամաբ որևէ քննչական գործողություն չի կատարվել, միայն ունենք կալանավորման ժամկետի երկարացումներ, որը մենք բողոքարկել ենք, և վաղը Վերաքննիչ դատարանում դատավոր Անդրանիկ Մնացականյանի մոտ մեր վերաքննիչ բողոքի քննությունն է լինելու՝ կալանավորման սանկցիայի երկարացման դեմ, մնացածը անորոշ ընթացքի մեջ է։ Ինքը «Շուշի» քրեակատարողական հիմնարկում է, ամիս ու կես է արդեն բացարձակ իրեն չեմ տեսել, չեմ էլ կարողանում տեսակցել, քանի որ ճանապարհը փակ է, Արցախի Հանրապետություն չենք կարող գնալ, փաստաբաններին բացառությունների ցանկում չեն ներառել։ Վերաքննիչ բողոքով պահանջել ենք նաև, որ ապահովեն Դավիթ Մովսիսյանի մասնակցությունը։ 10 օրից կլինի 4 ամիս, որ Դավիթ Մովսիսյանը կալանավորված է, այդ 4 ամիսների ընթացքում իր նկատմամաբ քննչական և դատավարական ոչ մի գործողություն չի կատարվել։ Պատճառաբանում են, որ եթե մնա ազատության մեջ, կազդի նախաքննության վրա, վկաների վրա ազդելով կխոչընդոտի նախաքննությանը, բայց որևէ փաստական տվյալ չի բերվում»,- ասաց պաշտպանը։


Հիշեցնենք, որ որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Գոռ Գևորգյանին հարցրինք, թե վերջին անգամ հայրը ե՞րբ է տեսակցել որդուն, պաշտպանը պատասխանեց․

«Հորը տեսել է ձերբակալվելուց 10 օր հետո, 14 օր հետո որոշել են կալանավորել, սահամանափակել տեսակցություններն ու հեռախոսազանգերը, այս պահին չունի հեռախոսազանգ կատարելու իրավունք, և որևէ մեկը չի կարողանում տեսակցել»։