ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էի, երեկ՝ ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ հանդիպել ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ:
Հանդիպմանը քննարկվեցին հանրության որոշ շրջանակներում հնչեղություն ստացած Լանզարոտեի կոնվենցիայի մի շարք դրույթներ, որի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի՝ կձևավորվի աշխատանքային խումբ՝ բաղկացած կրթության ոլորտի փորձագետներից և ԱԺ պատգամավորներից, ովքեր ներգրավված կլինեն ոչ միայն չափորոշիչների ուսումնասիրության և քննարկման, այլ նաև՝ կրթական ծրագրերի մշակման ողջ գործընթացում:
Հաշվի առնելով նյութի զգայական կողմը՝ մեկ անգամ ևս փաստենք, որ այն պետք է համահունչ լինի մեր ժողովրդի ազգային մտածողությանը, արժեհամակարգին և իրականացվի վերաբերելի սահմանադրական արժեքների պահպանության պայմաններում՝ ապահովելով լավագույնը մեր երեխաների համար:
Հատկանշական է, որ կրթական չափորոշիչները մշակվում են վաղուց՝ մինչև կոնվենցիայի վավերացումը, ինչն էլ չի կարող որևէ պարտավորության տանել թե՛ նախարարությանը, թե՛՝ մեզ:
Աշխատանքային խմբում լինելու եմ նաև ես և պարտավություն կրում եմ հաշվետու լինելու ամբողջ ընթացքում: Բացի այդ, քննարկվեց նաև այն հարցը, որ շուտով կրթական չափորոշիչները պատրաստ կլինեն հանրային քննարկման և այդ ժամանակ առավել քան կարևոր է բոլորիդ մասնակցությունը և առաջարկները, որոնք կօգնեն թե՛ մեզ, թե՛ ԿԳՄՍ նախարարությանը:
Կարևոր է, որ կոնվենցիայի վավերացումը կկարգավորի մի շարք հարցեր, որոնք կնպաստեն մանկապղծության բացահայտման և կանխարգելման գործին, սակայն քիչ կարևոր չէ նաև այն երաշխիքները, որ կրտսեր դպրոցում երեխաները կստանան այն գիտելիքները, որոնք կդարձնեն կյանքը անվտանգ և կզարգացնեն կարողություններ, որոնցով կկերտի իր ապագան:
Քննարկումներ ենք ունեցել նաև ծնողների վերապատրաստումների, ծնողավարման ինստիտուտի կարևորության և կայացման, ինչպես նաև՝ մանկավարժների վերապատրաստման մասին:
Այս պահին համարում եմ դրական ընթացք, ակնկալում եմ ձեր վստահությունը, որպեսզի բոլորիս հետաքրքրող հարցերը ունենան արդյունավետ լուծում»: