Մեր մասնագետները ուսումնասիրություն են անցկացրել, որով կանխորոշել են դիմակի կրման էֆեկտիվությունը: Ընդ որում, իմաստը նաեւ դիմակի կրման ձեւի մեջ է: Եթե որակյալ դիմակը կրեն անորակ ձեւով, չի դադարի եւ կշարունակվի կորոնավիրուսի դեպքերի աճը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը՝ նշելով, թե ինչպես է պետք կրել դիմակներ եւ որտեղ: Վաղվանից, ի թիվս այլ կետերի, պարտադիր է դառնում մեքենաներում դիմակների կրման պահանջը: Հիշեցնենք, մինչ այժմ դա վերաբերում էր միայն տաքսի ծառայություն իրականացնող մեքենաներին:
Այսուհետ, ըստ վարչապետի, պարետատան որոշմամբ պետք է ցանկացած մեքենայում գտնվող մարդը եւ վարորդը լինեն դիմակներով: Կապ չունի՝ այդ մարդիկ մեկ ընտանիքի անդամներ են, հարազատներ կամ ամուսիններ:
«Մեքենաների համար առկա կանոնները մենք լրացրել ենք հետեւյալ կերպ: Ցանկացած մեքենայի մեջ 1-ից ավելի անձինք երթեւեկելիս, եթե մեքենայում 1-ից ավելի մարդ կա, ուրեմն բոլորն առանց բացառության պետք է լինեն դիմակով եւ դիմակով չլինելը բերելու է խստագույն վարչական պատասխանատվության: Դիմակի կրման կանոնները եւ ձեռքերի ախտահանման կանոնները պահպանելով մենք նվազեցնում ենք կորոնավիրուսակիրների թիվը:
Մենք եկել ենք եզրակացության, որ անգամ տանը պատրաստված, ինքնագործ դիմակները կարող են պաշտպանել քաղաքացիներին կորոնավիրուսի վտանգներից»,-նշեց վարչապետը: