Կենդանի մնալու համար վիրուսներն անընդհատ զարգանում են՝ գենետիկական փոփոխությունների (որ նաեւ մուտացիա է կոչվում) ենթարկվելով: Որոշ վիրուսների դեպքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում, մյուսների դեպքում՝ քիչ քանակությամբ: Բարեբախտաբար, նոր SARS-CoV-2 կորոնավիրուսը պատկանում է երկրորդ խմբին: Եւ դա լավ նորություն է Ջոնս Հոփքինսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների համար, ովքեր զբաղվում են այս վիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ:
Ըստ MedicalXpress-ի՝ դանդաղ մուտացվող վիրուսների դեմ պատվաստանյութերի եւ դեղամիջոցների մշակումը շատ ավելի հեշտ է, քան արագորեն փոփոխվող վիրուսների համար (օրինակ՝ գրիպի հարուցիչի):
«Այս վիրուսը շատ քիչ գենետիկական փոփոխությունների է ենթարկվել 2019 թվականին իր հայտնվելուց ի վեր,- նշել է Johns Hopkins Applied Physics Laboratory-ի մոլեկուլային կենսաբան Փիթեր Թիլենը:- Շատ ավելի հեշտ է պատվաստանյութեր եւ բուժում մշակել մի շտամի համար, քան՝ վիրուսի, որն արագ փոփոխվում է»:
Ինչպես իր հերթին նշել է Ուինսթոն Թիմփը Whiting School of Engineering-ից, ով պրոֆեսոր Ստյուարտ Ռեյի հետ միասին աշխատում է վիրուսի գենոմի ուսումնասիրության նախագծի վրա, աշխարհը չի կարողանա նորմալ կյանքի վերադառնալ, քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի ստեղծվել: Իսկ քանի որ վիրուսը դանդաղ է մուտացվում, սա հնարավորություն է տալիս արդյունավետ պատվաստանյութ ստեղծել, կարծում է մասնագետը: