ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որևէ քաղաքական որոշում չկա և չի կարող լինել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային ժողովին ՀՀ գլխավոր դատախազի կողմից դիմելը քաղաքական գործընթաց չէ: Այն բացառապես իրավական է և պայմանավորված է բացառապես ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարությամբ:
Այս պահին կոնկրետ քրեական գործերով ընթանում է քննություն, դրա ընթացքից և ձեռք բերվող ապացույցների բավարարության հանգամանքով պայմանավորված են որոշվելու դատավարական գործողությունները»,- նշել են դատախազության հանրային կապերի բաժնից։