«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Անցած շաբաթ տեղի ունեցած Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբի «Տորպեդո»-«Դիլիջան» խաղը սկանդալային ընթացք է ունեցել: Բանն այն է, որ, ըստ համացանցում տարածված տեղեկությունների, բախում է գրանցվել ՀՖՖ կողմից հաստատված խաղի տեսուչի եւ «Դիլիջան» ակումբի գործադիր տնօրենի միջեւ, որի ընթացքում տեսուչն իր ձեռքում գտնվող, ծխացող սիգարետը հանգցրել է տնօրենի դեմքին։
Այս պահվածքը ցնցել է ֆուտբոլային հանրությանը, եւ շատերը սկսել են խոսել ոլորտում առկա ամենաթողության եւ անկազմակերպվածության մասին։ Բանը հասել է նրան, որ բարձրագույն խմբի ակումբների մի մասի մոտ ցանկություն է առաջացել դուրս գալ ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող առաջնությունից ու հիմնել պրոֆեսիանալ լիգա, քանզի գնալով ավելի դժվար է դառնում ֆեդերացիայի չինովնիկների հետ աշխատելը։
Ոլորտից քաջատեղյակ մեր աղբյուրները պնդում են, որ շշուկներ կան՝ իբր, ֆեդերացիան ունի նաեւ ֆինանսական խնդիրներ, եւ բանը հասել է այնտեղ, որ քննարկվել է Հայաստանում աշխատող իսպանացի մասնագետների ֆինանսավորման վերանայման հարցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում