«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետև ես պաշտոնավարել եմ 2014-ի օգոստոսից, պարտականությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից»,- երեկ լրագրողների հետ զրույցում այդպիսի հայտարարություն էր արել Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին սահմանադրական փոփոխությունների նախագիծ ընդունեց, համաձայն որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: Եվ չնայած Գյուլումյանը հայտարարում է, թե 2014-ից է հաշվարկվում իր դատավորի պաշտոնի ստանձնման ժամկետը, այնուամենայնիվ, չմոռանանք, որ նա ՍԴ դատավոր է եղել նաև 1996-2003թթ.:
Եվ, ահա, Գյուլումյանի այս հայտարարությունները «Ժողովուրդ» օրաթերթին հիշեցրեց, թե ինչպես էր նա տարիներ առաջ ստիպել ՍԴ-ին վճարել իր պարգևավճար-հավելավճարը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Գյուլումյանից պարզել՝ ինչպես է ստացվում, որ մի դեպքում ասում է, թե 12 տարի չի պաշտոնավարել, հետևաբար օրենքը իրեն չի վերաբերում, բայց մյուս դեպքում համարում է, որ իր ՍԴ դատավորի համար հասանելիք հավելավճարները պետք է ստանա: «Եվրոպական դատարանում աշխատելով՝ շարունակել եմ լինել դատավոր: Դա հենց նշանակում է, որ ես իրականում աշխատել եմ ընդհատումներով»,- հայտարարեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: