Ս.թ. ապրիլի 29-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշմամբ ստեղծվեց Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեն (ժամանակավոր կոմիտե):
Փորձագիտական կոմիտեն հարցազրույցներ է ունեցել տասնյակ անձանց հետ, ովքեր կարող էին ներգրավված լինել կասկածելի խաղերի կազմակերպման գործընթացում, կամ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել այդ կապակցությամբ: Տեղեկությունները ներկայացվել են ՀՖՖ գործկոմին, որի անդամները հնարավորություն են ստացել ուսումնասիրելու փորձագիտական կոմիտեի զեկույցները և այն փաստերը, որոնց հիման վրա աշխատանք է ծավալել փորձագիտական կոմիտեն:
ՀՖՖ գործկոմը կայացրել է 2 միաձայն որոշում.
1. Ներկայացնել միջնորդություն ՀՖՖ կարգապահական կոմիտեին «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ՝ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ:
2. ՀՖՖ կանոնադրության 17-րդ հոդվածի 1 կետի համաձայն, կասեցնել «Լոկոմոտիվ», «Տորպեդո», և «Արագած» ֆուտբոլային ակումբների անդամությունը ՀՖՖ-ին մինչև ՀՖՖ հերթական ժողովը՝ ՀՖՖ կանոնադրության 16-րդ հոդվածի ա, ժբ, ժէ կետերի հիմնավորմամբ: Նշենք, որ «Մասիս» և «Երևան» ֆուտբոլային ակումբները չեն հանդիսանում ՀՖՖ անդամ:
Եզրափակելով ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշեց, որ այս գործողությունները ՀՖՖ կողմից նախաձեռնած կարևոր գործընթացի միայն առաջին փուլն է: ՀՖՖ փորձագիտական կոմիտեի աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, հետազոտվելու են Բարձրագույն և Առաջին խումբը ներկայացնող այլ ակումբներ, որոնց վերաբերյալ հավաքագրվում են նյութեր և փաստեր: