Գիտնականները Չինաստանում գրիպի նոր տեսակ են հայտնաբերել, որը պանդեմիայի (համավարակի) վերածման պոտենցիալ ունի:
BBC-ի փոխանցմամբ՝ գրիպի նոր տեսակը հայտնաբերվել է խոզերի մոտ, բայց կարող է փոխանցվել մարդկանց նույնպես:
Գիտնականները մտավախություն ունեն, որ այն կարող է հետագայում մուտացիայի ենթարկվել և հեշտությամբ փոխանցվել մարդուց մարդ՝ առաջացնելով գլոբալ բռնկում:
Գիտնականները նշում են, որ դրա համար կան «բոլոր նախանշանները» և անհրաժեշտ է մոնիթորինգի ենթարկել խոզաբուծության ոլորտը:
Тhe Guardian-ի փոխանցմամբ, G4 տեսակի խոզի գրիպով արդեն իսկ վարակվել են Չինաստանում խոզաբուծությամբ զբաղվող աշխատակիցների 10%-ը: G4-ը H1N1-ը գրիպի վիրուսի համեմատաբար նոր շտամ է, որի բռնկումը տեղի է ունեցել 2009 թվականին: G4-ը համարվում է խիստ վարակիչ:
Թեստերը ցույց են տալիս, որ մարդու՝ սեզոնային գրիպից ձեռք բերած դիմադրողականությունը նրան չի պաշտպանում G4-ից:
Ըստ արյան մեջ հակամարմինների թեստերի՝ ոլորտի յուրաքանչյուր 10 աշխատակցից մեկն արդեն իսկ վարակվել է նոր գրիպով:
Այսպիսով, վիրուսն արդեն կենդանիներից փոխանցվել է մարդկանց, բայց առայժմ չկա որևէ ապացույց, որ այն կարող է փոխանցվել մարդուց մարդուն, ինչն էլ հանդիսանում է գիտնականների մտավախության հիմնական պատճառը: