Վրաստանը COVID-19-ի պատճառով առաջիկայում չի բացի ցամաքային սահմանը հարևան երկրների հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Մենք հապճեպ քայլեր չենք ձեռնարկի հարևան երկրների հետ ցամաքային սահմանի բացման ուղղությամբ, չնայած որ միջազգային բեռնափոխադրումներն իրականացվում են առանց խոչընդոտների: Ավելին, մենք ստեղծում ենք առավելագույնս հարմարավետություն բեռներ տեղափոխող ընկերությունների համար»,- ընդգծել է նա:
Նրա խոսքերով՝ Վրաստանի սահմանին միջազգային բեռնափոխադրմամբ զբաղվող բոլոր վարորդները անցնում են մանրակրկիտ բժշկական ստուգում:
Ինչ վերաբերում է ԵՄ երկրների հետ ուղիղ օդային հաղորդակցության վերաբացմանը, Գախարիան նշել է, որ այդ ուղղությամբ Վրաստանի արտգործնախարարությունը երկկողմ բանակցություններ է վարում տվյալ երկրների հետ: