Բրիտանացի երգչուհի Դաֆին լեհական «365 օր» էրոտիկ դրամայի հեռարձակման պատճառով քննադատել է Netflix սթրիմինգային ծառայությանը։ Երգչուհին, որն առեւանգում ու բռնաբարություն է վերապրել, կարծում է, որ լեհական ժապավենը «ռոմանտիզացնում է սեքս-առեւտրի, առեւանգումների ու բռնաբարության դաժան իրականությունը»։
Ժապավենը, որի հիմքում գրող Բլանկա Լիպինսկիի էրոտիկ վեպն է, փետրվարյան պրեմիերայից հետո հայրենիքում իսկական հիթ է դարձել։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են լեհ 28-ամյա դերասանուհի Աննա Մարիա Սիկլուցկան եւ իտալացի 29-ամյա դերասանուհի Միշել Մորոնեն։ Ժապավենը հունիսի 7-ին հայտնվել է Netflix-ում եւ արագորեն հայտնվել է սթրիմինգային ծառայության թոփ 10 հայտնի նախագծների շարքում։
Դաֆիի կարծիքով՝ Netflix-ի կողմից անպատասխանատու է ցուցադրել նմանատիպ նախագծեր, որոնցում սեռական բռնություններն ու մարդկանց առուվաճառքը ներկայացվում են որպես «սեքսուալ» ֆիլմի մաս։
«Մինչ ես գրում եմ այս բառերը, աշխարհում մոտ 25 մլն մարդ սեքս-առեւտրի զոհ է դառնում, էլ չասած անհաշիվ չգրանցվածների մասին։ Խնդրում եմ, մի վայրկյան մտածեք այդ թվի մասին, որը հավասար է գրեթե Անգլիայի բնակչության կեսին։ Ամեն տարի նրանց 80 տոկոսը կանայք ու աղջիկներ են, որոնց 50 տոկոսն անչափասներ են»,- գրում է Դաֆին։
Ամիսներ առաջ Դաֆին, որը 2013թ.-ին անսպասելիորեն անհետացել է, խոստովանել է, որ առեւանգման ու բռնաբարության է ենթարկվել։ Վերականգնվելու համար աստղին բավական երկար ժամանակ է անհրաժեշտ եղել։ Դաֆին պատմել է, որ պարզապես չէր կարողանում կոտրված սրտով բեմ վերադառնալ։
Երաժշտական աշխարհում բրիտանացի երգչուհուն անվանում էին «նոր Էմի Ուայնհաուս»։ Նրա առաջին սկավառակը՝ «Rockferry», որը թողարկվեց 2008թ.-ին, շարունակում է Բրիտանիայում առաջին բեսթսելլերը մնալ։ Երգչուհին «Գրեմմի» մրցանակի եւ «Brit Awards»-ի երեք արձանիկի դանփեկիր է։