Վրաստանի առողջապահության նախարարությունը մշակել և հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված նոր կարգը, որով պետք է առաջնորդվեն տուրիստական գործակալությունները, զբոսավարներն և վարորդները, ինչպես նաև ծովափնյա հանգստավայրերի այցելուներն ու տեղի տնտեսվարողները:
Փոփոխությունները վերաբերում են հանգստավայրերի տնտեսվարողներին, նաև վարձով հովանոցներ, շեզլոնգներ, սկուտերներ, ջրային հեծանիվներ տրամադրողներին ու վարձակալներին:
Սահմանված նոր կարգի համաձայն՝ զբոսաշրջիկները (այդ թվում՝ վարորդը և զբոսավարը) պետք է անցնեն մարմնի ջերմաստիճանի ստուգում՝ ուղևորությունից առաջ: Ջերմաստիճանը պետք է չափվի ամեն օր, տվյալները գրանցվեն հատուկ մատյանում:
Բացի այդ, խումբը (ներառյալ ուղեկցորդը և վարորդը) պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանության միջոցներով: Այցելության տարածքներում անհրաժեշտ է դիմակ կրել, անհրաժեշտության դեպքում՝ ձեռնոցներ, պաշտպանիչ միջոցներ: Հրապարակված առաջարկությունների համաձայն.
- մեքենան պետք է ապահովված լինի ձեռքերն ախտահանելու համար նախատեսված հեղուկով, որը պարունակում է առնվազն 60-70% ալկոհոլ,
- մեքենայի սրահում պետք է տեղադրվի թափանցիկ պաշտպանիչ պատնեշ, վարորդին ուղևորներից առանձնացնելու համար,
- յուրաքանչյուր ուղևորությունից հետո պետք է իրականացվի տրանսպորտային միջոցների ներքին և արտաքին բռնակների ախտահանում/մաքրում,
- մեքենան մաքրելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել նստատեղերի հետևի մասերին և բազկաթոռներին, պարբերաբար օդափոխել մեքենան և պատուհանները բաց պահել,
- շրջագայության ընթացքում վարորդը պետք է ունենա անհատական ջերմաչափ, որը տրամադրվում է գործատուի կողմից:
Ըստ aliq.ge-ի՝ տնտեսվարողները պետք է պահպանեն հետևյալ կանոնները՝
• COVID-19-ի կանխարգելման հետ կապված տեղեկատվությունը պետք է փակցված լինի տեսանելի վայրում,
• ցանկալի է ափի երկայնքով հետիոտների համար հատուկ ճեմուղի գծել, նաև լողափերը գոտիների բաժանել,
• ափի երկայնքը հաճախ մաքրել աղբից` օգտագործելով միանգամյա օգտագործման փաթեթներ, թափոններն աղբանոց նետել փակ վիճակում: Աղբահանությունն իրականացնողները պետք է լինեն պաշտպանիչ դիմակներով կամ վահաններով ու ձեռնոցներով, ափի բոլոր այցելուները պետք է անվտանգ հեռավորություն պահեն` բացառությամբ մինչև 12 տարեկանների,
• սկուտերներից, նավակներից, հեծանիվներից, շեզլոնգներից ու հովանոցներից օգտվելուց հետո դրանց ախտահանումը պարտադիր է,
• զուգարաններում և լոգարաններում ախտահանում պետք է արվի 2 ժամը մեկ անգամ, ախտահանումը պետք է իրականացնել Վրաստանի Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից հաստատված նյութերով,
• ախտահանող միջոցները պետք է պահվեն հատուկ փակ պահարաններում,
• ախտահանողները պետք է լինեն դիմակով, ունենան հաստ ձեռնոցներ և խալաթներ, ինչպես նաև ակնոց և վահան: