Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փոքրիկ հայուհի Շուշանը՝ Միջին Արևելքի Ամերիկյան նպաստամատույցի հավաքական կերպար
Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան Թուրքիայում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ, հույն և սիրիացի փախստականներին և որբացած երեխաներին օգնելու նպատակով Միջին Արևելքի Ամերիկյան նպաստամատույց (Near East Relief) կազմակերպությունը ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգներում կազմակերպել էր լայնածավալ և մինչ այդ աննախադեպ հանգանակություններ: Տրամադրվող օգնության մասնաբաժնում նախատեսված հանրահայտ «Նեսթլե» (Nestle) կաթնամթերքի արտադրանքի՝ կաթի փոշու թիթեղյա տուփի միասնական պիտակի համար որպես նկար ընտրվեց փոքրիկ հայուհի Շուշանի կերպարը, որն ապաստանել էր Լիբանանում տեղակայված «Թռչնոց բույն» որբանոցում: Շուշանի նկարն առկա էր նաև հանգանակությունների քաղաքներն ու օրերը ներկայացնող գովազդային մեծադիր պաստառներում:
«Նեսթլե»-ի տուփի և պաստառների վրա գրված էր հետևյալ տեքստը. «Դուք թույլ չեք տա, որ ես սովամահ լինեմ, այնպես չէ՞: Ես փոքրիկ Շուշանն եմ Հայաստանից: Մեր տունը քանդեցին, հորս տարան, իսկ մայրս սովամահ եղավ, որովհետև ինձ էր տալիս ողջ ուտեստը: Ես այնքան սոված եմ և այնպես եմ մրսում: Հազարավոր իմ նման երեխաները՝ նույնպես»»: