ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում ցուցադրվեցին վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ զինված ուժերի խոցած ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը:
ՀՕՊ զորքերի վարչության շտաբի պետ, ՀՕՊ զորքերի պետի տեղակալ գնդապետ Գարիկ Մովսեսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Զինված ուժերի ծառայողները հնարավորություն կունենան ուսումնասիրել ադրբեջանական ԱԹՍ-ները, որոնց մեծ մասն իսրայելական արտադրության են:
«Մեր Զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանին խոցել են ադրբեջանական 10 միավոր հարվածային, 1 ռազմավարական և 3 հետախուզական նշանակության անօդաչու թռչող սարքեր»,- ասաց Մովսեսյանը:
ՀՕՊ զորքերի վարչության շտաբի պետ գնդապետ Գարիկ Մովսեսյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ ադրբեջանական կողմը հայկական որևէ անօդաչու թռչող սարք չի խոցել:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարք: «Elbit Hermes 900»-ը հզոր անօդաչու թռչող սարք է, այն կրակի կառավարման համակարգ է հանդիսանում, հետախուզական ԱԹՍ է, շատ թանկարժեք է և Ադրբեջանի ամենամեծ ԱԹՍ-ն է:
ՀՀ զինված ուժերի կողմից նախօրդ օրերին ևս մի քանի ԱԹՍ-ներ էին խոցվել, որոնց լուսանկարներից երևում էր, որ դրանք իսրայելական արտադրության են: Հուլիսի 14-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։