«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է՝ Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում, երեկ էլ եղան անգամ Ազգային ժողովի դիմաց: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բողոքող անձանց շրջանակը չի սահմանափակվում միայն շարքային քաղաքացիներով, եւ զայրացած են նաեւ պաշտոնյաներից շատերը, որոնց երեխաները եւս հայտնվել են այդ նույն իրավիճակում: Բանն այն է, որ Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության նոր կարգ է առկա, որով գերակա է առաջին հայտը։
Որոշ դիմորդներ դուրս են մնացել, քանի որ չեն վաստակել առաջին հայտի համար անհրաժեշտ միավորներ եւ չեն կարողացել ընդունվել մնացած նշված ֆակուլտետներ։ Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այս դժգոհություններն իրենց աչքի տակ ունենալով՝ այսօր որոշել է հավաքվել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը եւ քննարկել ստեղծված իրավիճակը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները դժգոհել են, որ կրկին խնդիրները կրթության ոլորտում են գոյացել, եւ փոխանակ եղած բացերը լրացվեն, իրավիճակն ավելի է սրվում: Այլ կերպ ասած, բունտ է հասունանում հենց իշխանությունների ներսում:
Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այսօրվա քննարկմանը ներկայացուցիչներ կլինեն նաեւ նախարարությունից, Գիտության եւ թեստավորման կենտրոնից, որոնց պատգամավորները մեծ թվով հարցեր ունեն ուղղելու: Ընդ որում, մեր տեղեկություններով՝ պատգամավորները զարմացած են՝ ինչպես է ստացվում, որ բոլոր ոլորտներում առաջընթաց կա, իսկ կրթության ոլորտում սկանդալները հաջորդում են մեկը մյուսին:
Բավական չէր, որ Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը մեղադրում էր նախարարությանը եւ բացահայտումներ անում, հիմա էլ բունտ հասունացավ դիմորդների շրջանում: Եվ հենց այս իրավիճակն է պատճառը, որ պատգամավորները կոնկրետ բացատրություն են պահանջելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում