Երգիչ Անդրեն Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Սարի աղջիկ» երգն է երգել, որի միացել են ակցիայի մյուս մասնակիցները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ հուլիսի 21-ին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների:
Բողոքի ցույցին մասնակցել են հազարավոր հայեր: Մասնակիցները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան: Ակցիան ուղեկցվել է հայկական երգ ու պարով:
Ավելի ուշ ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանցիների հետ: Ադրբեջանցիները, որոնք մի քանի տասնյակ են եղել, տարածքը լքելիս հարձակվել են հայ աղջիկների վրա: Հայերի արձագանքը համարժեք է եղել. ադրբեջանցիները փախել են՝ թողնելով իրենց դրոշը հատակին, իրենցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել:
Ականատեսներից մեկը պատմել է, որ տեսնելով հարձակումը հայ աղջիկների վրա, հայ երիտասարդները ճեղքել են ոստիկանական շղթան եւ «բոլորին շան ծեծ տվել»: