Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ):

Այս մասին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, Արթուր Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արեւելյան հատվածում Ադրբեջանի կողմից հրահրված ռազմական գործողությունների հետեւանքով հայկական ԶՈՒ-ի 4 զինծառայող էր զոհվել, 10 զինծառայող ստացել էր վիրավորում, նրանցից միայն Արթուր Մուրադյանի վիճակն էր գնահատվում որպես ծայրահեղ ծանր: