«Անձնական կապերի միջոցով ձեռք է բերվել համաձայնություն ադրբեջանական կողմի հետ, որ Մոսկվայում և, առհասարակ, Հայաստանից ու Ադրբեջանից դուրս արյունահեղությունը թույլատրելի չէ, և այս ամենի վերջը պետք է տրվի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով նշել է մոսկվաբնակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։
«Համաձայնությունը բավականին փխրուն է, և յուրաքանչյուրիցս պահանջվում է խոհեմություն և գիտակցված մոտեցում խնդրին։ Որևէ մեկի սխալ քայլի հետևանքով անմեղ մարդիկ չպիտի տուժեն»,- ասել է նա՝ նշելով, որ գիշերը Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում հանգիստ է եղել․ «Առանձին տեղերում եղել են ակտիվացման փորձեր և դրանք հակազդեցության են ենթարկվել»։
Հիշեցնենք՝ նախօրեին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել էր հայերի հետ, քննարկել այն դեպքերը, որոնք այս օրերին տեղի են ունենում ՌԴ-ում հայերի ու ադրբեջանիցների միջև:
Ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել մոսկվաբնակ գործարար Սարիբեկ Գևորգյանը՝ հայտնելով, որ «հայերը հանգիստ քնեն, հարցը լուծված է․․ Մենք հավաքվելով եկեղեցու մետ՝ Աստծուն խնդրեցինք, որ քաոսը վերջանա։ Խնդրեցինք, որ Պուտինը լսի մեր ձայնը, Աստված այնպես արեց, որ մեր ձայնը լսեցին»։
Ուշ գիշերին ֆեյսբուքյան եթերում կոչով Ռուսաստանում բնակվող հայերին էր դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ «Ռուսաստանի հայությանը խնդրում եմ՝ չտրվել սադրանքների: Թախանձագին խնդրում եմ այս երկու հանգստյան օրերին լինել է՛լ ավելի խաղաղասեր, չպատասխանել սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ՝ մեզ հնարավոր թշնամանք սերմանող ժողովուրդ ներկայացնելու համար»,- ասել էր դեսպանը: