Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումները խորությամբ ուսումնասիրել են ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից բարձրաձայնված՝ Կարմիր կատար կոչվող բարձունքի խառնարանային լճին վերաբերող խնդիրը։
Աս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՇՄ նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:
«Ըստ օգտատերերի՝ մի քաղաքացի պոմպի միջոցով, բնական ճանապարհով ձևավորված լճի ջուրն օգտագործում է սեփական կարիքների համար։ Նշենք, որ այդ լճից ջրառ իրականացնելու համար Շրջակա միջավայրի նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվություն չի տրվել։ Հետևաբար, որևէ քաղաքացի լճից ջրառ իրականացնելու իրավունք չունի։ Հաշվի առնելով լճի` բնական էկոհամակարգի մաս հանդիսանալու փաստը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է նամակ ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ պարզելու, թե ինչ պայմաններով է լճից ջրառ իրականացվում, տեղում ծանոթանալ խնդրին և օրենքով սահմանված կարգով վերականգնել լճի բնականոն վիճակը»,- հայտնել է Գրիգորյանը:
Նա նշել է, որ այս պահին արդեն խառնարանային լճի հարակից տարածքում են գտնվում ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ոստիկանության ներկայացուցիչները։
Մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն շրջայցի ավարտից հետո և ավելացրել, որ հատկապես այս փուլում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվելը բնության պահպանության առաքինի գործին ունի առանձնահատուկ կարևորություն։