Ուժային եռամարտով մասռեստլինգով և ձեռնամարտով զբաղվող մարզիկ, աշխարհի չեմպիոն, Գինեսի հայ ռեկորդակիր Յուրի Սաքունցը այսօր՝ օգոստոսի 18-ին, Կոմիտասի անվան պանթեոնի մոտ գտնվող Զորավար Անդրանիկի արձանի մոտ երկու նոր ռեկորդ սահմանեց:
Նա հենում-ծալում վարժությունը ափսեների միջոցով կատարեց 10 անգամ, որով գերազանցեց այդ վարժությունով ռեկորդ սահմանած մնացած մարզիկներին: Հաջորդը ձեռքերը հետևում պահած խաղաքարտեր պատռելն էր. Սաքունցը պատռեց 10 տուփ խաղաքարտ:
Մարզիկն այնուհետև սահմանեց ևս մեկ ռոկորդ, որը չէր նախատեսել, երեք շշերի վրա հենում-ծալում կատարեց 11 անգամ, ինչն այլ ռեկորդակիր արել էր 2 անգամ:
«Այդ ռեկորդներից մեկը նվիրում եմ ազատամարտիկներին և ֆիդայիներին, երկրորդ ռեկորդը նվիրում եմ տավուշյան մարտերի զոհված և չզոհված տղաներին և իսկ երրորդ ռեկորդը՝ եղբայրներիս»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Սաքունցը:
Մարզիկին քաջալերելու էին եկել ազատամարտիկներ, զինվորականներ, ինչպես նաև գեներալ-մայոր Արկադի Տեր –Թադրոսյանը՝ Կոմանդոսը:
«Այն ժամանակ մենք պաշտպանեցինք մեր սահմանները, այժմ էլ մեր ջահելներն են դա անում, տեսա՞ք՝ ինչ կատարվեց հուլիսին, նրանք հասկանում են՝ ինչ է հաղթանակը, նրանք մեզնով են հպարտանում, մենք՝ նրանցով: Մենք ուզում ենք մեր հասարակությանն ասենք, որ մենք կանք ու կլինենք ու միշտ կպաշտպանենք մեր երկիրը»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Ծնունդով Չարենցավանից մարզիկ Յուրի Սաքունցը շխարհի չեմպիոն, Գինեսի հայ ռեկորդակիր է, 2019 թվականին նա հաղթանակով է վերադարձել Ուկրաինայի Լուցք քաղաքում ընթացող ուժային եռամարտի աշխարհի առաջնությունից։ 2019 թվականի մարտին նա նոր ռեկորդ սահմանեց` ատամներով 15 մետր քաշելով 25 տոննա կշռող հրշեջ մեքենան։