Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահի նույն հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ևս 199 զինծառայողներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:


Նշենք, որ Սանամյանն այսպիսով դարձավ Հայաստանի 18–րդ Ազգային հերոսը։ Ռուբեն Սանամյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից է, 8 տարուց ավելի է, ինչ ծառայում է զինված ուժերում: Նա պատմել է, որ մարտական խիստ կարեւոր հանձնարարություն է կատարել՝ առանց զոհերի եւ վիրավորների, ինչի համար էլ պարգեւի է արժանացել։
Ի դեպ, Սանամյանը 2012 թվականին էլ պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: