Հրեա ծնողների սերն իրենց երեխաների նկատմամբ չափ ու սահման չի ճանաչում: Նույնիսկ ասում են, որ նման սիրո դրսևորում չկա որևէ ազգի մոտ: Հոգեբաններն առանձնացնում են նման վերաբերմունքի և լավ, և վատ կողմերը: Բայց փաստը մնում է փաստ, որ հրեա երեխաները միշտ առանձնանում են իրենց ունակություններով:
Golbis.com-ն առաջարկում է ծանոթանալ երեխաների դաստիարակման 7 կանոններին, որոնք առաջարկել են հրեա ծնողները:
1. Երեխայի համար մի ստեղծեք ավելորդ բարդույթներ
Հրեա մայրը վատ արարքի դեպքում իր երեխային երբեք չի ասի, թե՝ շատ վատն ես, այլ կասի՝ դու այնքան լավն ես, որ չես անի նման հիմարություն:
«Իմ երեխան չունի և չի էլ կարող ունենալ թերություններ»,- կասի յուրաքանչյուր հրեա մայր: Գուցե նրանք տեսնում են դրանք, բայց բացի իրենցից՝ ոչ ոք չգիտի դրա մասին:
2. Խելացի ազատություն
Հրեական ժամանակակից դաստիարակությունը համակցում է երկու, առաջին հայացքից, բավական հակասական երևույթներ՝ երեխային ազատություն տալն ու միաժամանակ՝ շատ խստապահանջ լինելը: Նման դաստիարակությունը կարելի է համեմատել ամուր ու կարծր պատերով ազատ ու լայն սենյակի հետ:
Հրեա ծնողների համար երեխայի ազատությունը հատուկ «դաստիարակությունը» չէ, այլ օդը, որը հնարավոր չէ չշնչել: Օրինակ, նրանց համար զայրույթի արժանի արարք չէ հայրիկի անձնագիրը մոր թանկարժեք շրթներկով ներկելը:
Խիստ դաստիարակությունը սկսվում է այն ժամանակ, երբ երեխան խախտում է անթույլատրելիի սահմանը: Հրեա երեխաները լավ գիտեն, որ մայրիկի օծանելիքը, օրինակ, կարելի է ցանել դրսի կատուների վրա, իսկ ա՛յ, տատիկին խփել չի կարելի:
3. Նրանք յուրաքանչյուր առիթի դեպքում գովաբանում են իրենց երեխային
Հրեա մայրը միշտ գովում է իր երեխային: Եվ այդ գովեստը սկսվում է երեխայի ծնվելու պահից: Հրեա մայրը հիանում է իր երեխայի անգամ չնչին հաջողություններով ու ձեռքբերումներով, լինի դա մի նոր վանկի արտասանո՞ւմ, թե՞ առաջին` ծուռումուռ գծերով արված նկարը: Երեխայի անգամ փոքրիկ հաջողության մասին անպայման կիմանան բոլոր ընկերներն ու ծանոթները, իսկ կարևորն այն է, որ երեխան պետք է տեսնի, որ իրեն գովում են բոլորի ներկայությամբ: Իսկ եթե երեխայի ձեռքբերումներն ավելի լուրջ են, ապա ողջ ընտանիքի կողմից երկարատև ծափահարություններն անխուսափելի են:
4. Պահվածքի համար պատասխանատվություն կրելու բարձր մակարդակ
Հրեաները հավատում են, որ ծնողի կողմից երեխայի ներկայությամբ անգամ շտապողականության մեջ ասված ամենաաննշան խոսքն ու փոքր սայթաքումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ահա թե ինչու հրեա ծնողներն իրենց օրինակով, իրենց խոսքերի, քայլերի և գործերի մեջ մեծ զգուշություն են դրսևորում՝ դրանով իսկ ճիշտ ուղղորդելով իրենց երեխաներին:
5. Ընտանիքում սերն ու հարգանքը երեխայի հոգեկան առողջության գրավականն են
Հրեաների համար պարտադիր պայման է, որ երեխան տեսնի մոր ուշադրությունը հոր հանդեպ, և՝ հակառակը: Եթե երեխան ընկալի, որ իր ծնողներն ապրում են նախևառաջ իրար համար, ապա կհամոզվի, որ նրանց հարաբերությունները լի են սիրով ու հոգատարությամբ: Այսպես երեխան իրեն պաշտպանված կզգա: Եվ, բացի այդ, ծնողների նման վարքն ընդօրինակման հրաշալի օրինակ է: Հենց նման փոխհարաբերություններ էլ երեխան հետագայում կձգտի ստեղծել սեփական ընտանիքում:
6. Սովորել ծնող լինել
Ծնողական դաստիարակությունը սկսվում է այն ժամանակ, երբ երեխան դեռ չի ծնվել: Աղջիկն ամուսնանալու ժամանակ արդեն իսկ գիտի, որ պետք է մայր լինի: Նրան չեն սովորեցնում ապրել միայն իր համար, այլ նրա գլխավոր աշխատանքը տունն ու ընտանիքն են: Եթե ամուսնության առաջին իսկ շրջանում մայրությունն ու հայրությունը դիտարկենք՝ որպես ծանր բեռ, սահմանափակում, ապա հաջողակ երեխա մեծացնելը շատ դժվար կլինի:
Ձգտելով դաստիարակել ինքնուրույն, հաջողակ ու իրենց ոտքերի վրա ամուր կանգնած երեխաների, հրեա իմաստունները ստեղծել են դաստիարակության մի ամբողջ համակարգ, որի հետ Իսրայելում ցանկացած ոք կարող է ծանոթանալ հատուկ ծնողական կուրսերի ընթացքում: Նման կուրսեր անցկացվում են արդեն շատ երկրներում: Արդյունավետ դաստիարակության առաջին կանոնն այն է, որ սկզբում պետք է դաստիարակվել՝ որպես մայր ու հայր, կարգավորել այդ հարաբերությունները, այնուհետև երեխա ունենալ ու զբաղվել նրա դաստիարակությամբ:
7. Սովորեցնել երեխաներին ճիշտ տնօրինել ժամանակը
Հրեա երեխաները չգիտեն, թե ինչ է ծուլությունը և բակերում անգործ շատախոսությունը. ջութակ, անգլերեն, մաթեմատիկա՝ ամեն բան միաժամանակ ու քիչ-քիչ: Փոքր տարիքից երեխաները սովոր են, որ մշտապես պետք է գործով զբաղված լինեն, և դա նորմալ է: