Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վրդովված է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումից:
Bloomberg-ի հրապարակման համաձայն, Գերմանիան հիմնական միջնորդն է Ռուսաստանի և Արևմտյան մյուս երկրների միջև: Եվ Անգելա Մերկելը հիասթափված է, որ Վլադիմիր Պուտինը ճկուն մոտեցում չի ցուցաբերում այնպիսի զգայուն հարցի շուրջ, ինչպիսին Նավալնիի դեպքն է:
«Քանի որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին արհեստական կոմայի վիճակում գտնվում է բեռլինյան կլինիկայում, որը Անգելա Մերկելի գրասենյակից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա է, գերմանացի կանցլերը չգիտի, թե ինչպես վարվի Վլադիմիր Պուտինի հետ»,- գրում է պարբերականը:
Մերկելին մոտ երկու պաշտոնյաների կարծիքով, եթե նախկինում Ռուսաստանի մասին խոսելիս նա ուշադիր ընտրում էր խոսքերն ու ձայներանգը, ապա Charite կլինիկայի բժիշկների հայտարարությունից հետո, որ Նավալնին, ամենայն հավանականությամբ, թունավորվել է, նա երկու ժամ անց բավականին կոշտ հայտարարություն է արել՝ Վլադիմիր Պուտինից պահանջելով «շտապ կարգով ամբողջությամբ հետաքննել դեպքը և պարզել դրանում ներգրավված անձանց»: