Արտասահմանում պետք է մտածեն, թե ինչի կվերածվի Եվրոպան, եթե Բելառուսը բոցավառվի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
«Անհրաժեշտ է հանդարտվել, այնտեղ՝ արտասահմանում նույնպես, ձեռքերով գլուխները բռնեն, հանդարտվեն եւ մտածեն, թե ինչի կվերածվի Եվրոպան, եթե այստեղ (Բելառուսում) բոցավառվի։ Դուք ախր հրաշալի հասկանում եք»,- շեշտել է նա։
«Դուք երեկ լսեցիք մեր հարեւանի եւ իմ լավ ընկերոջ հայտարարությունը (խոսքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին է)։ Սա այն պատճառով չէ, որ ռուսները ցանկանում են Բելառուսը պաշտպանել։ Լսեք, ինքներս կպաշտպանվենք։ Բայց մենք Ռուսաստանի նախագահի հետ հասկանում ենք, թե ինչ կպատահի, եթե ուշանանք»,- նշել է Բելառուսի ղեկավարը։
Նրա խոսքով՝ այդ դեպքում Բելառուսը կարող է վերածվել ռազմական գործողությունների թատերաբեմի, որտեղ «լուծվելու են ոչ մեր հարցերը»։ «Նրանց (Արեւմուտքին) Բելառուսը հարկավոր չէ։ Բելառուսը ցատկահարթակ է, ինչպես սովորաբար, դեպի Ռուսաստան։ Անհրաժեշտ է կոտրել այս իշխանությանը, մեկ ուրիշը խցկել, որը կդիմի օտարերկրյա պետության, որ զորքեր մտցնեն եւ աջակցություն ցույց տան։ Նրանց այստեղ շուկա է պետք, որտեղ կվաճառեն իրենց արտադրանքը»։
Ռազմական սպառնալիքի մասին խոսելով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն շեշտել է, որ այն իսկապես գոյություն ունի։ «Եվ այն, որ ես ձեզ լարվածության մեջ եմ դնում Լեհաստանի եւ Լիտվայի տարածքում այդ տանկերի թրթուրների պատճառով, ապա լսեք, մենք ախր ապուշներ չենք։ Ամերիկյան F-16-ները Բեռլինի տակ էին, դե թող այնտեղ էլ կանգնած մնային։ Ոչ, նրանք դրանք վերատեղակայել են այստեղ՝ մինչեւ մեր տարածք 15-20 րոպե տեւող թռիչք է։ Ինձ համար՝ որպես գլխավոր հրամանատարի, դա հարց է։ 18 օդանավ։ Հայտնի չէ, թե դրանց կախոցներում ինչ կա։ Գուցե միջուկային զենք։ Ես ելնում եմ վատթարագույն տարբերակից։ Այս պատճառով ես պետք է արձագանքեի»։
Լուկաշենկոն նշել է, որ այս իրավիճակում արտաքին սպառնալիքների ֆոնին նաեւ ստիպված է զինծառայողների որոշակի ռեզերվ պահել՝ հաշվի առնելով հասարակական-քաղաքական իրադրությունը։ «Ի՞նչ է՝ սա նորմա՞լ է։ Եվ դուք սկսում եք ինձ քննադատել, որ ես այնտեղ ինքնաձիգով վազում եմ փողոցներով եւ պատրաստ եմ կրակել սեփական ժողովրդի վրա։ Լսեք, ես քառորդ դարում ժողովրդին երբեք մատով ցույց չեմ տվել, առավել եւս՝ կրակել»,- շեշտել է նա։
«Ռուսաստանից ոչ մի զինվոր մեր սահմանը չի անցել։ Մենք դեռեւս ինքներս ենք գլուխ հանում։ Բայց անգամ չի երերա ո՛չ մեր ձայնը, ո՛չ ձեռքը, ո՛չ ոտքը այն բանի համար, որ միասին հանդարտեցնենք ցանկացածին, ով կշարժվի դեպի Միութենական պետության արեւմտյան սահման»,- ասել է Լուկաշենկոն։ Նա շեշտել է, որ համապատասխան գործողություններ նախաձեռնելով՝ Ռուսաստանը փրկում է ոչ այնքան Բելառուսը, քանի որ սպառնալիք կա նաեւ բուն Ռուսաստանի համար։ «Ռուսաստանի նախագահը, սա հասկանալով, Բելառուսին պաշտպանելով, ամենից առաջ Ռուսաստանն է պաշտպանում»,- ասել է Լուկաշենկոն։