Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արտասահմանում պետք է մտածեն, թե ինչի կարող է վերածվել Եվրոպան, եթե հանրապետությունը կործանվի։


Նա մատնանշել է «մեր հարևանի և իմ լավ ընկերոջ»՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ Մինսկին օգնելու համար ուժային պահուստ ձևավորելու մասին։

Նրա խոսքով, Մոսկվան նման որոշում է կայացրել «ոչ այն պատճառով, որ ռուսները ցանկանում են պաշտպանել Բելառուսին», հայտնում է BelTA գործակալությունը:

«Լսեք, մենք ինքներս մեզ կպաշտպանենք: Բայց Ռուսաստանի նախագահը և ես հասկանում ենք, թե ինչ կարող է պատահել, եթե պահը բաց թողնենք», – հավելել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով, Բելառուսը կարող է վերածվել ռազմական գործողությունների թատերաբեմի, և այնտեղ կլուծվեն «ոչ մեր հարցերը»: Արևմուտքին, ինչպես Լուկաշենկոն է նշել, Բելառուսը պետք չէ: Այս երկիրը պարզապես ցատկահարթակ է դեպի Ռուսաստան։ Դրա համար արևմտյան երկրներին անհրաժեշտ է հեռացնել գործող իշխանությանը և այլ իշխանություն բերել: Նա էլ արդեն կդիմի օտարերկրյա որևէ պետության, որպեսզի զորք մտցնեն և աջակցություն ցուցաբերեն։

«Նրանց այստեղ շուկա է պետք, որտեղ կվաճառեն իրենց արտադրանքը»,- հավելել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Բելառուս «ուժային պահուստ» ուղարկելու նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամությունը «ոչ մի կերպ» բացասաբար չի անդրադառնա երկու ժողովուրդների հարաբերությունների վրա: