Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ իշխանությունից Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարվելը ժամանակի հարց է։ Այս մասին նա գրել է The Washington Post-ի իր հոդվածում, որը հրապարակվել է սեպտեմբերի 14-ին։
«Մենք, որպես երկիր, անցել ենք անվերադարձելիության կետը։ Լուկաշենկոն որպես երկրի առաջնորդ, ապագա չունի, և նրա հեռանալն իշխանությունից միայն ժամանակի հարց է»,-ասել է Տիխանովսկայան։
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ նախկինի պես չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները և կարծում է, որ հենց ինքն է հավաքել ձայների մեծ մասը։
Տիխանովսկայան հայտնել է, որ ընդդիմությունը կշարունակի երկրում բողոքի ակցիաներ անցկացնել, ինչպես նաև դիմել է այլ երկրների կառավարություններին, որպեսզի վերջիններս դադարեցնեն համագործակցությունը Բելառուսի կառավարության հետ և պատժամիջոցներ սահմանեն ընտրությունների արդյունքները կեղծած և իրենց ժողովրդի հանդեպ հանցագործություն իրականացրած անձանց դեմ։
«Մենք չենք կարող երաշխավորել, որ ապագա օրինական և ազատ ընտրված կառավարությունը կպահպանի այդ համաձայնագրերը»,-զգուշացրել է նա։