Պիտսբուրգի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները գտել են ամենափոքր կենսաբանական մոլեկուլը, որն ամբողջությամբ չեզոքացնում է SARS-CoV-2 նոր կորոնավիրուսը։ Այս մասին հաղորդվում է Cell ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։
Նոր գտածոն սպիտակուցային միացություն է, որը 10 անգամ փոքր է լիաչափ հակամարմնից։ Հենց սա է օգտագործվել COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ Ab8 դեղամիջոցի ստեղծման համար։
Հետազոտությունը ցույց է տվել, որ Ab8-ն իսկապես արդյունավետ է մկների եւ համստերների մոտ COVID-19-ի կանխարգելման եւ բուժման համար․ վարակված լաբորատոր կենդանիների մոտ Ab8-ը նույնիսկ ամենացածր դեղաչափով 10 անգամ նվազեցրել է վիրուսային մասնիկների քանակությունը։
Քանի որ մոլեկուլն անչափ փոքր է, դա մեծացնում է հյուսվածքներում դիֆուզիայի դրա ունակությունը, ինչի շնորհիվ հաջողվում է վիրուսն ավելի լավ չեզոքացնել։ Դրանից բացի, այս դեղամիջոցը կարելի է տալ ինհալյացիոն մեթոդով, ինչը դյուրացնում է դրա ընդունումը։ Ավելին՝ դեղամիջոցը չի կապվում մարդու բջիջների հետ, ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել բացասական կողմնակի էֆեկտները։
Այս նյութը հայտնաբերվել է 100 միլիարդ պոտենցիալ մոլեկուլների արագ անալիզի ժամանակ, որոնք կարող են կապվել կորոնավիրուսային S-սպիտակուցի հետ, որը մասնակցում է մարդկային բջիջների վարակմանը։ Երբ սպիտակուցային միացությունը միախառնվում է իմունոգլոբուլինի հատվածին՝ առաջցնելով Ab8, այն ձեռք է բերում լիաչափ հակամարմնի ֆունկցիաներ։