Վերջին մեկ ամսվա ընթացքում օրական ունեցել են կորոնավիրուսի 200-ից պակաս դեպք, իսկ վերջին երկու օրերին դեպքերի թիվը էականորեն ավելացել է 200-ից. նախորդ օրը 257, իսկ երեկ՝ 295: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ճիշտ է, թեստերի թիվը մեծ է, երեկ ունեցել ենք 4319 թեստ, նախորդը օրը՝ 4135: Հիշեցնեմ, որ ամենաբարդ շրջանում թեստերի օրական թիվը 3000-ի չի հասել: Այնուամենայնիվ միտումն անհանգստացնող է»,-ասաց վարչապետը հվելելով, որ մարտից հետո երեկ առաջին անգամ խցանում է նկատել, ինչը կապված է ամենայն հավանականությամբ դպրոցների բացման հետ:


Առողջապահության փոխնախարար Ավանեսյանն իր հերթին նշեց, որ նկատում են թեստավորման մեջ տոկոսային աճ, այսօր 7 տոկոս է կազմում, ինչը մտահոգիչ է: Փոխնախարարը դա կապեց հանգստյնա տներից մարդկանց վերադառնալու, մինչդպրոցական շրջանում առեւտրի ակտիվացման հետ. «Առաջինկա շաբաթներին կտեսնենք, թե դպրոցների բացման արդյունքում ինչ արդյունքներ ենք գրանցում»:

Վարչապետը նշեց, որ այս ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարում մեկ ապացուցված գործիք կա, դա դիմակ կրելն է. «Ոչ մի ոստիկան դիմակ չկրող որեւէ քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի: Բնականաբար, օրինականությունը, քաղաքացիների արժանապատվությունը, իրավունքները լիարժեք պահպանվեն: Դիմակը ծնոտը փակելու համար չի, այլ քիթն ու բերանը, քանի որ վիրուսը շնչառական ուղիներով է փոխանցվում:

Երբ տեսնում եմ, թե այլ երկրներում ինչ է կատարվում, ավելի եմ համոզվում, որ մեր ռազմավարությունը, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, ճիշտ ճանապարհն է»: