Վերջին օրերին համացանցում բուռն արձագանք գտավ դերասանուհիներ Դիանա Տոռեսի և Տաթև Սարգսյանի միջև ծագած սկանդալը. Տաթևը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր նկարները հրապարակվեն Դիանայի նկարների կողքին, քանի որ դա իրեն պատիվ չի բերում:
Դիմահարդարն այդ հաղորդագրությունը ցույց էր տվել Դիանային, ով Ինստագրամի իր էջում հրապարակումներ էր արել Տաթևի մասին` անդրադառնալով նրա բարոյականությանը, նշելով, որ Տաթևը «փողով դուրս է գալիս բիձեքի հետ»:
Երեկ Տաթևը Tert.am Life–ի հետ զրույցում հայտնեց, որ հարցը տեղափոխել է իրավական հարթակ, արդեն դատարան է դիմել:
Tert.am Life-ը կապ հաստատեց Դիանայի հետ, ով ասաց, որ Տաթևի դատարան դիմելու մասին համացանցից է տեղեկացել:
«Այդ մասին իմացա համացանցից, դատարանից ծանուցում դեռ չի եկել: Չեմ պատրաստվում դատարան գնալ, անհրաժեշտության դեպքում իմ փոխարեն կգնա իրավապաշտպանը` որպես լիազորված անձ: Եթե առանց ինձ անհնար լինի, ես կգնամ: Դեռ չեմ մտածում դատարանում հաղթելու մասին, այդ հարցերով իմ իրավապաշտպանը կզբաղվի:
Այդ առումով լարվածություն ընդհանրապես չեմ զգում: Ոչ մի նյութական վնաս չեմ վճարելու, ինքը պետք է վճարի, իմ պատվի մասին է խոսել, ինքն է սկսել: Ես անպատի՞վ եմ, ուրեմն, ես եմ պատիվ պահանջում: Իմ պատվին ի՞նչ է եղել, որ իմ պատվից է խոսում»,-ասաց Դիանան:
Դիանայի խոսքով` Ինստագրամում հրապարակումներ անելիս իրադարձությունների նման զարգացման սպասել է.
«Սպասում էի նման արձագանքի, որովհետև նրա նման մարդիկ հարցերն այլ կերպ պարզել չեն կարող, վնաս հատուցելու միջոցներով են պարզում: Նա ցիտատների տակ է մնացել, ցիտատներն անգիր է արել, իբրև շատ գրագետ կին է: Շատ գրագետ կին է, ուղղակի հիացած եմ նրանով»:
Դիանան ասաց, որ հիմա էլ իր ասածներից հետ չի կանգնում.
«Ինչ կա, ես ասել եմ, իմ ասածներից հետ չեմ կանգնում: Ապացուցելու ոչինչ չունեմ, դա ճշմարտություն է, ինքն էլ լավ գիտի այդ մասին: Պարզ է, որ պետք է իրեն անմեղի տեղ դնի` մարդկանց աչքից չընկնելու համար: Պարզ է, որ պետք է ասեր, թե իմ ասածներն ապատեղեկատվություն են, այլ կերպ չէր կարող լինել:
Ամենամեծ ցինիկն ինքն է, թող հիշի իր արածներն ու ապրած կյանքը: Ինչ գրել եմ, հաստատ ճիշտ է, ինքն էլ լավ գիտի այդ մասին: Անուններ նշել չեմ կարող, ինքը լավ գիտի, բայց ինչ կա, ինքն է անձամբ եկել մեր տուն ու ինձ պատմել, թող լավ հիշի»:
Տաթևն ասել էր, որ Դիանան նաև սպառնացել է իրեն, բայց ինքը մեծահոգի կգտնվի և այդ մասով քրեական գործ չի հարուցի:
«Ես նրան չեմ սպառնացել: Ընդամենը Ինստագրամի իմ էջում, լրատվամիջոցների միջոցով ասել եմ, որ եթե պատահական դիմացս դուրս գա, իր համար լավ չի լինի»,-նշեց Դիանան:
Տաթևը նաև ասել էր, որ Դիանայի «իրեն նույնիսկ իր հայրը չի սիրում» նախադասությունը պետք է գտնի իրավական հիմնավորում, ինչին ինքը սրտատրոփ է սպասում: Դիանան ընդգծեց, որ այդ մասին ինքը լսել է.
«Ճիշտն ասած, ես լսել եմ, որ Տաթևը խնդիրներ է ունեցել ծնողների հետ, նրան անգամ տանից դուրս են արել: Զայրացած լինելով` նման բան գրել եմ, բայց չեմ փոշմանում ոչնչի համար»: