Ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան սպառնում է ընդգրկել ամբոջ տարածաշրջանը, հայտնում է Business Insider-ը։

«Դրանից բացի, այս անգամ բախումները դառնում են ավելի վտանգավոր ԱՄՆ երկու դաշնակիցների եւ մեկ մրցակցի, կոնկրետ Թուրքիայի ու Իսրայելի եւ, թեկուզ անուղղակի, Ռուսաստանի ակնհայտ եւ գաղտնի մասնակցության պատճառով։

Դրոնները եւ Թուրքիայի օգնությունը, որը կշեռքի նժարը թեքում է Ադրբեջանի օգտին, կարող են Ռուսաստանին ստիպել հակամարտությանն ակտիվ մասնակցություն ունենալ։

Ռուսաստանի շահերից է բխում երկու պատերազմող կողմերի միջեւ ուժերի հավասարակշռության պահպանումը, քանի որ տարածաշրջանում Թուրքիայի կամ այլ մրցակցի առավելությունը վնաս է հասցնում Մոսկվայի դիրքերին։

Եթե հակամարտությունում Ադրբեջանին առավելություն տալու Թուրքիայի աջակցությունը եւ ցանկացած քաղաքական ու դիվանագիտական նախաձեռնություններ անհաջողություն կրեն, ապա Մոսկվան կարող է հանդես գալ Հայաստանի կողմում։ Ռուսաստանը կարող է դա անել զորք չմտցնելով եւ ռազմական գործողություններին չմասնակցելով։

Օրինակ՝ նա կարող է հաստատել անվտանգության իր երաշխիքը՝ իր ուժերն օգտագործելով Հայաստանին պաշտպանելու համար (Մոսկվան այդ երաշխիքը չի տարածում վիճելի տարածաշրջանի վրա) եւ դրանով հայ զինվորականներին թույլ տալ Ղարաբաղ տեղափոխել ավելի շատ ու ավելի ժամանակակից զենիթային համակարգեր։ Դրանից բացի, նա կարող է թույլ տալ Հայաստանին շտապ զենք վաճառել՝ նախատեսված օդում Ադրբեջանի գերազանցության դեմ պայքարի համար։

Ավելին՝ Մոսկվան կարող է այս հնարավորությունը միանգամայն օգտագործել, որ Թուրքիային թուլացնի ֆինանսական եւ ռազմական առումով։

Կրեմլն արդեն Անկարայի հետ ուղղակի կամ անուղղակի առճակատման մեջ է Լիբիայում եւ Սիրիայում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հնարավորություն գտնել է՛լ ավելի ապակայունացնելու թուրքական խարխուլ տնտեսությունը եւ դրանով վերջ տալու երկրի նեոօսմանական ձգտումներին, որոնք չափազանց գայթակղիչ են անտեսելու համար»։