ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին և Կոնգրեսին՝ պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի դեմ՝ պատերազմական հանցագործության համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Թրամփի վարչակազմին կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի միջոցով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, նաև նրանց ռազմական առաջնորդների նկատմամբ՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիական անձանց դեմ պատերազմական հանցագործություն իրականացնելու համար:
«Նախագահ Թրամփը, Կոնգրեսի երկկուսակցական աջակցությամբ, պետք է անհապաղ ուղղորդի ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին ՝ պատժամիջոցներ կիրառելու Ալիևի և Էրդողանի դեմ, երկուսն էլ ակնհայտորեն մեղավոր են կանխամտածված անակնկալ հարձակումը ղեկավարելու և Հայաստանում ու Արցախում խաղաղ բնակչության վրա հարձակման մեջ», - ասել է Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը:
Եթե ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ANCA-ի պահանջած պատժամիջոցները կիրառի, ապա Էրդողանի և Ալիևի ամբողջ ունեցվածքը Միացյալ Նահանգներում արգելափակվելու կամ սառեցվելու է: ԱՄՆ կանոնակարգերը սովորաբար արգելում են ԱՄՆ քաղաքացիներին արգելափակման տակ հայտնված անձանց հետ ցանկացած գործարք կատարել: