Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն Աթենքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին: Այս մասին հայտարարել է Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը՝ տարածելով հայտարարություն Ադրբեջանի կառավարության կողմից անընդունելի պնդումների վերաբերյալ:
«Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 6-ին Հունաստանում Ադրբեջանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կառավարության բացարձակապես անհիմն և վիրավորական պնդումների վերաբերյալ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում Հունաստանի տարածքից հակերային հարվածներ են իրականացվում Ադրբեջանի դեմ, ահաբեկիչ - զինյալների հավաքագրման ջանքեր են իրականացվում և որ ենթադրաբար Հունական պետությունը հանդուրժողականություն է ցուցաբերում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հարցում :
Ի շարունակություն դժգոհության հայտարարությանը՝ Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն Ադրբեջանում Հունաստանի դեսպան Ն. Պիպերիգոսը հետ է կանչվել Աթենք խորհրդակցությունների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: