Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ որևէ այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, որևէ դերակատարություն չի կարող ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում․ ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին տված մեկնաբանությունում՝ Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ավելի քան տասը ժամ տևած բանակցություններից հետո, որի արդյունքում ԼՂ հակամարտության գոտում հաստատվում է հրադադար։

«[…] որևէ առաջընթացի մասին խոսելն առանց ավարտ դնելու, վերջակետ դնելու այս իրավիճակին, իհարկե, անհնար կլիներ: Այն, ինչ բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է այն միակ ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար»,- նշել է նախարարը:

Մնացականյանը հավելել է, որ որևէ այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ: