Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած գործողությունները դատապարտում են արվեստի ոլորտի և՛ հայ, և՛ օտարերկրացի ներկայացուցիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելով Արցախին և Հայաստանին:
Արցախին և Հայաստանին զորակցություն է հայտնել հայտնի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանը։
Նրա՝ հայ ժողովրդին ուղղված ուղերձը զետեղված է Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
«Սեպտեմբերի 27-ի առավոտից սկսած Թուրքիան և Ադրբեջանը, թուրք-սիրիական, աֆղանական և պակիստանյան ջիհադականների ստորաբաժանումների աջակցությամբ, պատերազմ են սանձազերծել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ։ Արյան համը, հանցագործության համը, ատելության և ռասիզմի կոչերը ողողում են Էրդողանի և Իլհամ Ալիևի բերանները: Նրանք 1915 թվականի ցեղասպանությունը կազմակերպած Թալեաթի, Էնվերի և Ջեմալ փաշայի եռապետության ժառանգորդներն են։ Նրանց մտադրությունները պարզ են։ Նրանք չեն էլ թաքցնում դա, նրանց մտադրությունն է՝ ավարտին հասցնել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, մեկընդմիշտ լուծել հայկական հարցը: Նրանց ազգայնական, կրոնական ամբարտավանությունը և ինքնավստահությունը համեմատելի են միայն նրանց դաժանության հետ՝ ռմբակոծել Արցախի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով ամենավատ զենքերը. կասետային ռումբեր, կասետային զինամթերք, մարդասպան անօդաչու թռչող սարքեր»,- գրել է Քեշիշյանը:
Նա ընդգծել է, որ հակառակորդները պատերազմը վերածում են մահացու խաղի մեր եղբայրների ու քույրերի համար:
Ռոբեր Քեշիշյանը հավաստիացրել է, որ Արցախում և Հայաստանում նոր ցեղասպանություն չի լինի, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի առջև կանգնած է աշխարհի լավագույն բանակներից մեկը՝ բանակ, որը գերազանցում է թշնամուն իր վճռականությամբ ու համոզմունքներով, և որը զոհաբերության կգնա։
«Բացառիկ հրամանատարության տակ գտնվող այս մարտական, խիզախ, հերոսական երիտասարդության թիկունքում՝ քաջության այս առաջին գծի հետևում կանգնած են այլ գծեր՝ Հայաստանի քաղաքացիական անձանց և սփյուռքահայերի գիծը։ Ես դրանցից եմ՝ պատրաստ մյուսների նման մարտի գնալու Արցախի լուսավոր հողը պաշտպանելու նպատակով… Սա մեր նախնիների հողն է, որը մենք երբեք չենք լքել։ Այս հողն Աստծո հողն է, նա այն վստահել է մեզ այն պահից ի վեր, երբ Նոյն իր յուրաինների հետ իջավ տապանից, որը հանգրվանել էր Արարատ լեռան՝ մեր Մասիսի վրա: Այս սուրբ հողը երբեք ձեզ չի պատկանել…»,-շեշտել է ֆրանսահայ ռեժիսորը:
Անդրադառնալով ռազմի դաշտում ընկածներին՝ Քեշիշյանը նշել է, որ սգում է երիտասարդ զինվորների, կանանց ու տղամարդկանց համար, ովքեր հերոսաբար զոհվել են թշնամու կրակի տակ։
Նրա խոսքով՝ նրանց զոհաբերությունը մեր ժառանգությունն է, և մենք պետք է պայքարենք Ղարաբաղի և Հայաստանի այս երիտասարդների ապագայի համար, ցույց տանք, որ մենք արժանի ենք նրանց զոհաբերությանը:
«…Հայ ժողովուրդը, պարոնայք նախագահներ Էրդողան ու Ալիև, ձգտում է միայն մեկ բանի՝ ապահովել իրենց երեխաների խաղաղ ապագան իրենց մշտական հողում, առանց ատելության, առանց հարևանների հետ կոնֆլիկտների։ Ձեր կողմից ընտրած պատերազմի ճանապարհը ամենավատ ելքն է: Ամեն օր երկու կողմից էլ երիտասարդ զինվորներ են զոհվում և ինչու՞։ Հուսով եմ, որ ձեր հետնորդներն այլ տեսակետ կունենան ապագայի վերաբերյալ, որ նրանք կհասկանան, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենք են ընտրել իրենց ճակատագիրը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Նրանց կյանքի այդ անբաժանելի իրավունքը»,- եզրափակել է Ռոբեր Քեշիշյանը: