Ադրբեջանի կողմից հայերի դեմ կռվող սիրիացի վարձկանների մասին հերթական հոդվածն է հրապարակել ամերիկյան The Wall Street Journal պարբերականը: Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր սիրիացի զինյալներ մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերին:
Ըստ պարբերականի՝ դեռ հարյուրավոր ահաբեկիչներ էլ պատրաստվում են մեկնելու: Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել են Սիրիայում զինյալների տեղափոխման հետ առնչություն ունեցող աղբյուրները: Վերջիններս հայտնել են, որ դեռ հուլիսին Սիրիայի ապստամբ խմբավորումների շրջանում տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիան զինյալների է հավաքագրում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Իսկ սեպտեմբերի կեսից հավաքագրված զինյալներին սկսել են ուղարկել Ադրբեջան՝ ամեն անգամ 100-ական մարդու:
Պարբերականը մեջբերում է սիրիացի ապստամբներից մեկի խոսքերը, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղ մեկնող զինյալները ստանում են ամսական 2 հազար դոլար: Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ սիրիացի զինյալների շարքերում կորուստներն արագ աճում են, և շուրջ 200 սիրիացի վերադառնալու դիմում է ներկայացրել: Ըստ պարբերականի՝ դեռ հարյուրավոր ահաբեկիչներ էլ պատրաստվում են մեկնել:
The Wall Street Journal-ը նաև հաղորդում է, որ Թուրքիան Ադրբեջանում երկու շաբաթով զորավարժություններ է անցկացրել և «Ադրբեջանի իշխանություններին է տրամադրել հարվածային անօդաչուներ»: Պարբերականը նշում է, որ ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների, Թուրքիան ավելի վաղ Սիրիայից շուրջ 5000 զինյալ էր ուղարկել Լիբիա:
«Լիբիա կամ Ադրբեջան ուղարկելը դարձել է սովորական երևույթ: Մարդկանց համար արդեն միևնույնն է՝ ինչի համար կամ ում դեմ են կռվում, հիմա նրանք միայն փողի մասին են հարցնում: Նրանք կգնան այնտեղ, որտեղ փող կա», – հայտնել է աղբյուրներից մեկը:
Հոդվածում նաև նշվում է, որ Թուրքիան հերքում է սիրիացի զինյալների ուղարկելու մասին մեղադրանքները, իսկ Ադրբեջանի իշխանությունները ժխտում են այն, որ Լեռնային Ղարաբաղի մարտերում վարձկաններ են կռվում: