Մարդու իրավունքների սիրիական դիտարանի աղբյուրներով՝ Սիրիա են տարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից մարտերում սպանված վարձկանների մարմիններ՝ Ադրբեջանից վերադարձող զինյալների խմբաքանակի հետ։ Ըստ դիտարանի՝ Ադրբեջանում ընդհանուր սպանվել է առնվազն 119 զինյալ, նրանցից 78-ի մարմինը տեղափոխվել է Սիրիա։
Ավելի վաղ Telegram ալիքներում ու սիրիական թերթերում տեղեկություններ էին հայտնվել, թե Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ներգրավված սիրիացի վարձկաններն արդեն սկսել են բողոքել մարտերի թեժությունից և հրաժարվում են Լեռնային Ղարաբաղ մեկնել, իսկ նրանց դիակները թաղվում են գաղտնի ու գիշերով։
Մասնավորապես նշվում էր, որ «Սիրիական ազգային բանակի» վարձկանների վերջին 300 հոգանոց խումբը հոկտեմբերի 1-ին Լիբիայից հետ է վերադարձել և հրաժարվել Լեռնային Ղարաբաղ մեկնել։
Նշվում է, որ վարձկաններ հավաքագրելու և նրանց Ադրբեջան ուղարկելու Թուրքիայի ջանքերը դեռ շարունակվում են, սակայն այդքան էլ հեշտ չեն տրվում, քանի որ շատերը հրաժարվում են Ադրբեջան մեկնելուց ՝ բազմաթիվ գործոններից դրդված, որոնցից ամեկաակնառուն աղանդավորական գործոնն է:
Միաժամանակ, այլ աղբյուրներ հայտնում են, որ Թուրքիան մոտ օրերին Ադրբեջանի կտեղափոխի «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզա դիվիզիայի» և այլ խմբակցությունների մոտ 400 զինյալի։ Ներկայումս Ադրբեջանում սիրիացի վարձկանների թիվը մոտ 1450 է։
Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում և սոցցանցերում դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և տեսանյութեր են հայտնվում։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։