Հայաստանը Ղարաբաղի հարցում մշտապես պատրաստ է եղել փոխզիջումների, բայց կան կարմիր գծեր, որոնք Հայաստանը երբեք չի անցնի։ «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց են տվել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին՝ միաժամանակ պատասխանելով հարցերին։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի համար կարմիր գիծը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն է։ «Միշտ, բոլոր ժամանակներում Հայաստանը պատրաստ է եղել փոխզիջումների։ Եվ ամենահայտնին Կազանյան նախաձեռնությունն է, երբ Հայաստանը պատրաստ էր կոնկրետ փոխզիջման։ Բայց Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել համաձայնագիրը, քանի որ Ադրբեջանը չէր ուզում ու չի ուզում ընդունել Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը։ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունք- սա այն կարմիր գիծն է, որից չենք կարող նահանջել»,– հայտարարել է նա։