Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը երեկ ծավալուն հոդվածում նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում առնվազն 52 սիրիացի վարձկան է սպանվել: Պարբերականը հավելել է, որ Թուրքիայի ու Սիրիայի սահմանին գտնվող մաքսակետում 52 վարձկանների դիակները սառցախցիկային բեռնատարներով տարվել, հանձնվել են նրանց հարազատներին։
Պարբերականը, այսպիսով կոնկրետ փաստերով ներկայացրել է, որ սիրիացի եւ Սիրիայից բերված այլազգի վարձկանները կռվում են հայերի դեմ՝ ադրբեջանական բանակի կազմում:
«Ընտանիքները հավաքվել էին սառնարանային խցով բեռնատարի շուրջ, սիրիա-թուրքական սահմանային կետի մոտ ու սպասում էին, թե երբ վարորդները կբաժանեն իրենց ահասարսուռ բեռը`տնից շուրջ 600 մղոն հեռու ընթացող պատերազմում զոհված 52 սիրիացիների դիակները»,– գրում է թերթը:
Պարբերականը հավելում է, որ Թուրքիայի հովանավորության տակ գտնվող վարձկանների՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կռվելու մասին են վկայել սպանվածների հարազատները: Նրանց ընտանիքների անդամները պատմել են, որ իրենց հարազատների մարմինները համարակալած են բերվել, տեղափոխվել են ղարաբաղյան հակամարտության գոտուց:
Washington Post-ի հաղորդմամբ՝ սիրիացի գրոհայինների մահը լուրջ ահազանգ է, թե ինչպես է արդեն տասնամյակներ շարունակվող հակամարտությունը շատ արագ սրվել, քանի որ հակամարտության մեջ արդեն ներգրավվել են արտաքին ուժերին՝ Թուրքիային ու Ռուսաստանին, որի հետեւանքով կարող են ապակայունացվել ու ներգրավվել տարածաշրջանային այլ հարեւաններ՝ Վրաստանը ու Իրանը:
Հոդվածագիրը զրուցել է սիրիացի 38-ամյա զինյալ Մահմուդ Նաջարի զարմիկի հետ, որը հայտնել է, որ Մահմուդի մարմինը սահմանին սպասող սառնարանային բեռնախցիկում, մյուս համարակալված զոհերի թվում նշված է եղել «12» համարով։
Զինյալի եղբորորդին պատմել է, որ նրան թուրքական աջակցությունը վայելող գրոհայինները հավաքագրել են՝ խոստանալով ամսական 2000 ԱՄՆ դոլար աշխատավարձ: Մահմուդի զարմիկը հավելել է, որ Ղարաբաղի մարտերում հայերի դեմ կռվելու միակ պատճառը եղել է գումարը.
«Նրանցից ո՞վ մինչ այս գիտեր Ադրբեջանի տեղն անգամ, ո՞վ կուզեր գնալ Ադրբեջան: Պատճառը միայն փողն է»,-պատմել է տղամարդը:
Հեղինակավոր ամերիկյան թերթը նշում է, որ սպանվածների հարազատները պատմել են, թե նրանց օգտագործել են հարձակողական մարտերում, պատերազմի ամենաթեժ կետերում: Տղամարդիկ Ադրբեջան են ներթափանցել Թուրքիայի հարավային հատվածից: Սիրիացի զինյալներին ադրբեջանական բանակի կանաչ գույնի համազգեստ են հագցրել այնտեղ հասնելու առաջին իսկ օրվանից եւ անմիջապես էլ ուղարկել ռազմաճակատ:
Սպանված Մահմուդ Նաջարի զարմիկը նաեւ լուսանկարներ է տրամադրել թերթին, որոշ այլ մանրամասներ է ներկայացրել, սակայն խնդրել է չհրապարակել իր անունը, քանի որ վախենում է զինյալներին հավաքագրողների բարկությունից: «Սիրիացի վարձկանները հիմնականում մենակ են եղել իրենց համար անծանոթ վայրում, շրջապատված են եղել իրենց համար անհասկանալի խնդիրներով: Նրանց ուղեկցել են 3 ադրբեջանցիներ: Այդ տարածքներում հայերը ամուր պաշտպանություն ունեն, որի մասին սիրիացիներին տեղյակ չի պահվել », - պատմել է զոհվածի հարազատը՝ հավելելով, որ վարձկանները ստիպված են եղել իրենք իրենց գլխի ճարը տեսնել, քանի որ ջոկատի հետ եղել է ընդամենը երեք ադրբեջանցի ուղեկցորդ, այն դեպքում, երբ սիրիացիները ո՛չ տեղանքին են ծանոթ եղել, ո՛չ լեզուն են հասկացել, ո՛չ էլ հակամարտության պատմությանն են ծանոթ եղել»,– պատմել է թերթի զրուցակիցը։ Ներկայացնելով իր հորեղբոր մահվան հանգամանքները, զարմիկը նշել է, որ իր տեղեկություններով, նրանք 9 ժամ շարունակ նրանք փորձել են իրենց համար անհայտ ինչ–որ լեռնային բարձունք գրավել։ Տեղ հասնելուն պես սպանվել են դիպուկահարի գնդակից ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ, որտեղ ընկել են։ Մահմուդ Նաջարի հետ միասին այդ բարձունքի գրավմանն է մասնակցել վերջինիս եղբոր որդիներից մեկը, որը եւս սպանվել է նույն բարձունքում, դիակները մնացել են ժամերով, քանի որ դրանք տանելը շատ բարդ է եղել, որովհետեւ տարածքը խիստ հսկողության տակ է եղել:
«Մահմուդը երկու երեխա ուներ, աշխատում էր դատարաններից մեկի անվտանգության ծառայությունում, հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ Միաժամանակ տեսնում էր, թե ինչպես են Թուրքիայի կողմից հավաքագրված ու Լիբիա ուղարկված տղաները կանխիկ գումարով տուն վերադառնում։ Եվ երբ առաջարկ ստացավ կռվել Ադրբեջանում ամսական 2000 դոլարի դիմաց, միանգամից համաձայնեց»,-ասել է զարմիկը:
Զինյալների հարազատները նրանցից պարբերաբար տեղեկություններ են ստացել հեռախոսային կապի օգնությամբ․ խոսակցություններից դատելով՝ նրանք բոլորովին անպատրաստ են եղել այն ամենին, ինչին բախվել են Ադրբեջան հասնելուն պես։ Նրանց սկզբում չեն ներկայացրել իսկությունը, չեն ծանոթացրել գործողություններին:
Պարբերականը նշում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը կտրականապես հերքում են վարձկանների ներգրավածության մասին բոլոր տեսակի հաղորդումները:
Հիշեցնենք, ընդամենը մեկ օր առաջ գրեթե նույն թեմայի մասին էր գրել մեկ այլ հեղինակավոր պարբերական՝ The Wall Street Journal-ը: Հոդվածում նշվում էր, որ մինչ Ադրբեջանը հերքում է, որ վայելում է օտարերկրյա վարձկանների աջակցությունը, Լեռնային Ղարաբաղի սահմանին գտնվող վարձկաններն ու զինյալները պատմում են իրականությունը՝ հենց առաջին դեմքից: Ըստ նրանց փոխանցած տեղեկությունների, սեպտեմբերի կեսերից մինչև 100 հոգանոց վարձկանների խմբերը ժամանել են Ադրբեջանի տարածք: Ճիշտ է, շատերն արդեն երազում են վերադառնալ հայրենիք՝ հայտնելով, որ «այնտեղ կենդանի դժոխք է»: Լրատվամիջոցը խոսել էր սիրիացի վարձկանների հետ, որոնք գումարի դիմաց Թուրքիայի հովանավորությամբ կռվել են նաեւ Լիբիայում, իսկ հիմա՝ Ղարաբաղում, գրել վարձկանների մեկնելու պայմանների եւ պատճառների մասին:
Դեռ նախորդ ամիս Ադրբեջան տարված եւ նրա բանակի կազմում կռվող 38-ամյա սիրիացի վարձկաններից մեկն ասել էր, որ իրենց ուղարկում են մահվան երախ, սակայն ամսական 1500 դոլար վարձատրություն են ստանում մեծ ընտանիք պահելու համար: Նա հավելել էր, որ Լեռնային Ղարաբաղի սահման հասնելու համար իրենք հատում են Թուրքիայի սահմանը, որտեղից նրանց տանում են Ադրբեջան չարտերային չվերթներով:
Մեկ այլ հեղինակավոր պարբերական՝ The Economist-ը եւս անդրադարձել էր վարձկանների թեմային:
«Վարձկանների ներգրավումը ցույց է տալիս, թե որքան բարդ է մոբիլիզացնել ադրբեջանցի երիտասարդներին՝ կռվելու համար հանուն փոքրիկ լեռնային շրջանի, որը բնակեցված է հայերով եւ որն Ադրբեջանը կորցրել է դեռ 30 տարի առաջ: Իսկ Հայաստանում ճիշտ հակառակն է, այնտեղ տղամարդիկ զինվորագրվում են նույնիսկ առանց ռազմական պատրաստվածության։ Հայաստանի պետականությունն ու անկախությունն անբաժանելի են Լեռնային Ղարաբաղից, դա Հայաստանի Երուսաղեմն է»,-գրել է թերթը՝ մեջբերելով ղարաբաղյան հարցով փորձագետ Թոմ դը Վաալըին:
Հիշեցնենք, ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի հովանավորությամբ վարձկանների ներգրավման տեղեկությունը հաստատել, պնդել եւ քանիցս ապացուցել են ոչ միայն Հայաստանի եւ Արցախի իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլեւ Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Հունաստանի ու այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները: Ընդ որում` Ֆրանսիան ու Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով են մտահոգություն հայտնել այդ թեմայով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռ հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ ահաբեկչական է Թուրքիայի Ղազյանթեփ բնակավայրից տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերքել էր այս տեղեկությունն ու Փարիզից պահանջել ներողություն խնդրել։
Հայկական կողմը հրապարակել է անգամ ձայնագրություններ, տեսանյութեր՝ արաբ վարձկանների մասնակցությամբ, որոնք ավել են ղարաբաղյան հակամարտ գոտում: Ձայնագրություններում սիրիացի վարձկանների հեռախոսային խոսակցություններն են, որոնք ապացուցում են՝ նրանք կռվում են ադրբեջանական ԶՈՒ-ի կազմում, Հայաստանի դեմ՝ որոշակի վարձատրության դիմաց, իսկ տեսանյութերում նրանք Ղարաբաղի հետ սահմանին են՝ ադրբեջանական բանակի համազգեստով ու խոսում են այնտեղ հայտնվելու, հայերի դեմ կռվելու մասին: