«Ազնիվ խաղի կանոններով» վերնագրի ներքո «Հրապարակը» հանդես է եկել վերլուծական հոդվածով` մասնավորապես գրելով. «Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի չառաջադրումը փոխպայմանավորվա՞ծ է Սերժ Սարգսյանի հետ: Չի բացառվում: Լևոն Տեր-Պետրոսյանի այն կեսկատակ հայտարարությունը, թե դեռ չի կողմնորոշվել և սպասում է դրսի կենտրոնների որոշմանը, ինչպես նաև Քոչարյանի, դարձյալ կեսկատակ, խոսքը, թե իր սկզբունքներին դեմ է դարաբադցու դեմ թեկնածություն դնելը, իրենց մեջ հուշումներ են պարունակում այն մասին, որ այդ երկու հայտարարությունների միջև ընկած ժամանակահատվածում էլ հենց, հնարավոր է, ձեռք է բերվել մեր նշած պայմանավորվածությունը: Չենք համարձակվի պնդել, որ մեր երեք նախագահների միջև քննարկումներին մասնակցել են նաև ռուսաստանյան կամ արևմտյան ազդեցիկ դեմքեր, բայց որ մերոնք ներքին քննարկումներ ունեցել են, հեռու չէ տրամաբանությունից: Հարց` իսկ ինչո՞ւ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը այսքան հեշտ գնացին զիջումների և համաձայնեցին Սերժ Սարգսյանի երկրորդ շրջանի պաշտոնավարման մտքին: Պատասխանն ավելի քան պարզ է: 2013-ին Սերժ Սարգսյանին հաղթելը հեշտ գործ չէր: Թե Տեր-Պետրոսյանի և թե Քոչարյանի առաջադրումը կարող էր լարվածոթյուն մտցնել ընտրություններում, բայց լարվածությունը դեռևս հաղթանակի երաշխիք չէ: Նախագահի աթոռի համար պայքարը նրանք տեղափոխում են հաջորդ փուլ, այդ պայքարի սլաքներն էլ Սերժ Սարգսյանից շեղում նրա քաղաքական և տնտեսական թիմի կողմը: Հետընտրական պրոցեսները կգնան հենց այդ տրամաբանությամբ: Նրանք կփորձեն թուլացնել և մասնատել Սերժ Սարգսյանի քաղաքական հենարան հանդիսացող ՀՀԿ-ն` 19-րդ դարի իր քարացած մտածողությամբ, նաֆթալինոտ օլիգարխներով ու կաշառասուն ֆունկցիոներներով, իր անճարակ կառավարությունով հանդերձ: ԲՀԿ-ի` կոալիցիա վերադառնալու խոսակցությունները պատահական չեն, պատահական չեն կարևոր պաշտոնների շուրջ ԲՀԿ-ի և Սերժ Սարգսյանի միջև ընթացող առևտրի մասին կիսաշշուկները, վերջապես, Լևոն Տեր-Պետրոսյանը հենց այնպես, զբաղմունք ունենալու համար չէ, որ ՀԱԿ մնացորդներից փորձում է ուժեղ կուսակցություն ձևավորել և ընդդիմադիր դաշտում կրկին մենաշնորհ ստանալ: Սերժ Սարգսյանն ինքը կլինի պայքարի մեջ, բայց պայմանով, որ չի խախտելու 2013թ. ձեռք բերված պայմանավորվածությունը: ՀՀԿ-ն շատ շուտ կնկատի Սերժ Սարգսյանի մեջ կատարված այդ փոփոխությունը և մի գեղեցիկ օր էլ կտեսնի, որ հայտնվել է ոչ միայն ընդդիմության, այլև կոալիցիայի շրջանակներում բարգավաճող գործընկերների աքցանի մեջ: 2018-ին Սերժ Սարգսյանը միակ հեռացողը չի լինի: 2017-ին նույն ճանապարհին կլինի նաև շուրջ 20 տարվա մեր կոշմարը` ՀՀԿ-ն»: