«Հրապարակ» թերթը գրում է Գորիսի` հունիսի 1-ի դեպքի մասին` հավելելով, որ նոր մարզպետի նշանակումը և հնի հեռացումը ամենաշատ շոշափվող թեմաներն են ոչ միայն Սյունիքում, այլև` ԼՂՀ-ում:

«Լիսկայի մերձավոր շրջապատում համարում են, որ նախկին մարզպետն ընդամենն իր տունն է պաշտպանել Բուդաղյանների հարձակումից, և ցանկացած ոք նրա թիկնապահների ու որդու  փոխարեն նույնը կաներ»,- գրում է թերթը:

Ըստ նախկին մարզպետի կողմանկիցների` եղելությունը պարզվելուց հետո նա կրկին մարզպետ կնշանակվի: Նրանց կարծիքով` նորանշանակ մարզպետը չունի բավարար ուժ` հակասություններով լի Սյունիքում ղեկավարելու, մի ուժեղ բռունցքի մեջ պահելու համար: 

Իսկ հունիսի 1-ի իրադարձությունների հետ կապված` Սուրիկ Խաչատրյանի մերձավորների շրջապատում տարածված մի վարկած կա, որի համաձայն` Սուրիկ Խաչատրյանի և Ավետիք Բուդաղյանի միջև վիճաբանության առիթն աննշան է եղել, որի մասին մինչ օրս չի խոսվել: Ըստ այդ վարկածի` Սուրիկ Խաչատրյանը պատահաբար է իմացել, որ «ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին իր օբյեկտում են պատիվ տալու և շտապել է միանալ խնջույքին»:

«Սեղանի շուրջ նախկին մարզպետը դժգոհություն է հայտնել Ավետիքի պահվածքից, իսկ հետագայում` ԼՂՀ Նախագահին ճանապարհելուց հետո, վեճը շարունակվել է Լիսկայի մեքենայի մեջ: Սուրիկ Խաչատրյանը հարցրել է Ավետիք Բուդաղյանից, թե ինքը քանի գլխանի դարձավ, որ առանց իրեն նախազգուշացնելու ԼՂՀ Նախագահին բերում է իր օբյեկտ, ապա ընդամենը մի «չափալախ» է տվել նրան: Իսկ գիշերվա արյունալի իրադարձություններն այդ «չափալախի» պատասխանն էին»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի` 01.08.2013թ. համարում: