«Հրապարակ» թերթը գրում է. «Քառօրյա լռությունից հետո ՊԲ-ն երեկ հայտարարեց հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 11 զինծառայողի անուն։
Սակայն մինչ այդ մասին հայտնելը մենք հարցում արեցինք պաշտպանության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե արդյոք վերջին չորս օրվա ընթացքում հայկական կողմը զոհեր չի տվել, ո՞րն է պատճառը, որ չորս օր զոհերի մասին ինֆորմացիա չի տրամադրվում։ «Իդենտիֆիկացիայի խնդիր կա», - փոխանցեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Բանն այն է, որ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ կան, որ հնարավոր է այլևս ամենօրյա ռեժիմով չհայտնեն զոհերի մասին՝ հանրության շրջանում հուսահատական տրամադրություններ չձևավորելու նպատակով։ Պաշտպանության բանակը, հիշեցնենք, հաղորդել է 1177 զոհի անուն, մինչ օրս զոհվել է 46 խաղաղ բնակիչ: Կան չճանաչված դիակներ, դրանց հետ կապված՝ իդենտիֆիկացիոն գործողություններ են կատարվում»։