Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հիմք ընդունելով ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի 2012թ. ապրիլին կայացած նիստի արձանագրությունը, «Օրենսդրությունը կարգավորող ազգային կենտրոն» պետական հիմնարկն ուսումնասիրել է առողջապահության, մասնավորապես դեղերի հսկողության ոլորտը` նպատակ ունենալով կրճատել ու պարզեցնել այն կարգավորող իրավական ակտերը: Կատարված աշխատանքի արդյունքում մշակվել են առաջարկներ, որոնց հիման վրա կառավարությունն ընդունել է երեք որոշում: Դրանք միտված են առողջապահության, մասնավորապես` դեղերի հսկողության ոլորտում բիզնես սկսելու պայմանների բարելավմանը, որպեսզի իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը տվյալ գործունեությամբ զբաղվեն առանց ավելորդ և անհիմն պահանջների և ծախսի: Կկրճատվեն նաև անհարկի վարչարարությունը և փաստաթղթաշրջանառությունը: 
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է առողջապահության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի նվազեցմանն ուղղված որոշումների մանրամասները մամուլի միջոցով փոխանցել հանրությանը:
Վարչապետն առաջարկել է ինչպես անցած տարի, այս տարի ևս ձեռնամուխ լինել տնտեսական աճի ցուցանիշի քննարկմանն ըստ ճյուղերի և ոլորտների: Նախարարները հանձնարարություն են ստացել վերլուծել իրենց ոլորտների տնտեսական աճը, որպեսզի կառավարության հաջորդ նիստն արդեն անդրադառնա այդ հարցին, մանավանդ որ ըստ ճյուղերի վեց ամսվա ամփոփ ցուցանիշներն արդեն հայտնի են: «Մենք պետք է կարողանանք գնահատել առկա ներուժն ու ապագա անելիքները, որպեսզի այս տարի ևս ապահովենք տնտեսական բարձր աճ,-հավելել է Տիգրան Սարգսյանը:- Մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել կառուցվածքային լուրջ փոփոխություններ, և մենք պետք է կարողանանք ի հայտ բերել այն բացասական միտումները, որոնք առկա են ըստ ճյուղերի և ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այդ ոլորտներում ապահովենք աճի տեմպեր: Պետք է պարզել նաև այն ոլորտները, որտեղ ունենք բավականին բարձր աճի տեմպեր և այն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այդ աճի տեմպերը լինեն կայուն: Հաջորդ շաբաթ կառավարության նիստում կանդրադառնանք այս հարցերին»: