«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 19-ից Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները համակարգող գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն արդեն վերադարձել է Երևան:
Արտակ Դավթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե իր առջև դրված խնդիրներն ինքն արդեն ավարտել է, ինչի համար էլ Սյունիքից վերադարձել է: Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն էր, որը հունիսի 8-ին անակնկալ ազատվեց աշխատանքից, իսկ արդեն հուլիսի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ նշանակվեց։
Հետաքրքիրն այն է, որ այս օրերին լարված իրավիճակ է Սյունիքի մարզում, սակայն պաշտպանական աշխատանքները համակարգող Դավթյանը վերադարձել է Երևան: Մեր դիտարկմանը, թե արդյոք սա նշանակում է, որ Սյունիքում որևէ լարվածություն չկա, ինչի համար վերջինս արդեն հետ է վերադարձել, մեր զրուցակիցը կրկնեց, որ ինքը վերադարձել է, քանի որ իր առջև դրված խնդիրները լուծել է: «Խնդիրները, որը դրված էին իմ առջև, կատարվել են, դրա համար վերադարձել եմ: Իմ մասով այլ գործողություն չկա», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց նա:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: