Lragir.am-ը գրում է. Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին շարադրել էր Ղարաբաղը առանց կարգավիճակի Բաքվին հանձնելու իր տխրահռչակ պլանը եւ նշել, որ ըստ առկա տվյալների՝ հակամարտության գոտի է տեղափոխվել 2000 ահաբեկիչ:

Հինգշաբթի ավանդական բրիֆինգում Լավրովի խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել էր ահաբեկիչների խնդրին. «Ըստ ստացվող տեղեկությունների՝ ներկայում Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխվում են ահաբեկչական կազմակերպությունների անդամներ, որոնց ձեռքերը մինչև արմունկներ արյան մեջ են», ասել է Զախարովան։ Նա նշել է, որ խոսքը ջիհադականների մասին է և ավելացրել, որ այս ամենը չի կարող չառաջացնել Մոսկվայի լուրջ մտահոգությունը, քանի որ իրավիճակի զարգացումը հղի է Անդրկովկասում նոր ահաբեկչական անկլավի առաջացմամբ։ Այս մասին Ռուսաստանը բացահայտ հայտարարել է այն բանից հետո, երբ իր ձեռքում են հայտնվել համապատասխան տվյալներ», ասել է Զախարովան։

Այս կապակցությամբ ապշերոնյան վարչակազմի ղեկավար Ալիեւը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում բավական կոշտ ու մեղադրական տոնով հակադարձել էր. «Ցավում եմ, որ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոքություն պահպանեն եւ գործեն ԵԱՀԿ կողմից տրված մանդատի հիման վրա, վկայակոչում են չճշտված տեղեկատվությունը եւ շշուկները: Սա խտրական մոտեցում է, որի հետ մենք չենք կարող համաձայնել, քանի որ այն չի համապատասխանում համանախագահների մանդատին: Ես բազմիցս ասել եմ, որ միջնորդները պետք է չեզոքություն պահպանեն: Եթե նրանք ինչ-որ մեկին աջակցում են, դա նրանց գործն է, բայց այդ դեպքում նրանք պետք է հրաժարվեն միջնորդությունից: Եթե մենք սկսենք մեղադրել նրանց, ովքեր մեզ մեղադրում են վարձկանների հարցում, այն ամենի համար, ինչ նրանք անում են աշխարհի տարբեր մասերում, դա շատ երկար խոսակցություն կլինի: Մենք դա չենք անում։ Հենց այդ պատճառով մենք նույնն ենք ակնկալում մեր գործընկերներից», ասել է Իլհամ Ալիեւը:

ՌԴ ԱԳՆ անանուն ներկայացուցիչն այս կապակցությամբ ՏԱՍՍ-ին ասել էր, որ Ռուսաստանին հասկանալի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին: «Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութեր կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը», ասել է նա, ավելացնելով, որ նոյեմբերի 3-ին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Լավրովի խոսքում նախատինք չկա ոչ Ադրբեջանի, ոչ էլ որեւէ այլ երկրի հասցեին»:

Այնուհետեւ ԱԳՆ ներկայացուցիչը հավաստիացրել է, որ պահպանում են չեզոքությունը, համոզված լինելով, որ «վարձկան գրոհայինների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի կայունությանը եւ անվտանգությանը»:

Իսկապես, Ռուսաստանի բարձրագույն պաշտոնատարները որեւէ երկրի չեն նախատում գրոհայինների տեղափոխման համար: Սակայն հասկանալի է, որ նրանք օդից չեն ընկնում այսպես կոչված Ադրբեջանում, ինչ որ մեկը նրանց տեղափոխում է: Ո՞վ է տեղափոխում, ըստ Ռուսաստանի: Հիշվում է, տարիներ առաջ թուրքական ուժերի կողմից ռուսական օդանավի խոցման եւ Անկարայում ռուս դեսպանի սպանության առաջին օրերի «հուզական» արձագանքներից հետո Մոսկվայում գտան ձեւը՝ հայտարարվեց, որ գործել է երրորդ ձեռք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում