Թուրքիան նոյեմբերի 11-ին հրապարակել է Navtex-ի (նավիագացիոն տելեքսի) երկու նոր ծանուցագիր՝ Էգեյան ծովի հունական չորս կղզիների՝ Հիոսի, Սամոթրակիայի, Սամոսի և Լեմնոսի ապառազնականացմսն համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «TRT Haber» լրատվական գործակալությունը, թուրքական կողմը կոչ է անում ապառազմականացնել վերոնշյալ կղզիները՝ պատճառաբանելով Լոզանի պայմանագրի դրույթների «խախտումը» Հունաստանի կողմից: Նշվում է, որ 1923թ. Լոզանի պայմանագրի համապատասխան կետերով հունական չորս կղզիները ստացել են ոչ ռազմական կարգավիճակ:
Թուրքիայի Նավիգացիայի, հիդրոգրաֆիայի և օվկիանոսագրության կենտրոնն էլ հրապարակել է Navtex-ի ծանուցագիրն այն մասին, նոյեմբերի 11-ից ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 23-ը ժամը 20:59-ը ընկած ժամանակահատվածում «Oruç Reis», «Ataman» և «Cengizhan» հետազոտական նավերն արևելյան Միջերկրածովյան հստակեցված ջրային տարածքներում կկարողանան իրականացնել երկրաբանական աշխատանքներ:
Թուրքիան հոկտեմբերի 21-ին ևս հրապարակել էր Navtex-ի ծանուցագիր, որով հնարավորություն էր ստացել մինչև հոկտեմբերի 27-ը «Oruç Reis» հետազոտական նավով երկրաբանական-հետախուզական աշխատանքներ իրականացնել Հունաստանի հետ վիճելի արևելյան Միջերկրածովյան ջրային տարածքում: