Հայաստանի ընդդիմությունը փորձում է սպեկուլյացիաներ անել Լեռնային Ղարաբաղում ձեռքբերված պայմանավորվածությունների շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեսնում ենք Երևանում տեղի ունեցող ցույցերը, մենք տեսնում ենք, թե ընդդիմությունը որքանով է փորձում սպեկուլյացիա անել այս իրավիճակի շուրջ», – ասել է Լավրովը։ Նրա խոսքով, «Երևանում, անխոս, կան անկեղծ մարդիկ, որոնց համար վիրավորական է, որ այս փուլում ամեն ինչ այսպես է ավարտվում»։

«Պատրանքները, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները պետք է դարերով մնան այն վիճակում, որում կային 1-2 ամիս առաջ, չպետք է լինի։ Կարծում եմ, որ պատասխանատու իշխանությունները պետք է բացատրեին բնակչությանը, որ ինչ-որ փուլում այդ կարգավորումը պետք է իրացվի այն սկզբունքների համաձայն, որոնք երկար տարիներ սեղանին էին ու առաջարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և, ըստ իս, իդեալական ճանապարհ էին բացում, որ հակամարտությունը կարգավորվի առանց արյունահեղության ու տարածաշրջանում որևէ մեկի, առաջին հերթին Ղարաբաղի հայերի ու Ղարաբաղում ապրող այլ էթնիկ փոքրամասնությունների անվտանգությանը վնաս հասցնելու», – ասել է Լավրովը։

Լավրովի խոսքով, տրանսպորտային, տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է մեծ ու դրական դեր խաղա տարածաշրջանի վերածննդի համար, այդ թվում՝ Հայաստանի տնտեսական վերելքի համար, որն ամենից շատն է տուժել Ադրբեջանի ու Թուրքիայի գծով տրանսպորտային ու առևտրային կապերի խզումից։ «Հիմա, այս պայմանավորվածությունների համաձայն, որն ուժի մեջ է մտել, այդ բոլոր կապերը վերականգնվում են։ Տնտեսությունը պետք է ազատ շնչի, պետք է տրանսպորտային կապ հաստատվի Հայաստանի գործընկերների հետ», – ասել է Լավրովը։