Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հրաժարվել է Ստամբուլում հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ այն պատճառով, որ իր ամերիկացի գործընկերոջ «պահվածքն անհարգալից է համարել», հայտնում է Bloomberg News-ը։
ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Պոմպեոն Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում տասնօրյա ուղեւորություն է կատարելու։ Շրջագայության մեջ ներառված էր Ստամբուլը, որտեղ Պոմպեոն հանդիպելու էր էկումենիկ պատրիարք Բարթուղիմեոս I-ի՝ աշխարհի հույն ուղղափառ քրիատոնյաների հոգեւոր առաջնորդի հետ, որ քննարկի ամբողջ աշխարհում դավանանքի ազատությունը։
Ուղեւորության հայտարարության մեջ հիշատակված չէր Չավուշօղլուի կամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հետ հանդիպման մասին։ Թուրքիայի ԱԳ նախարարությունը վրդովվել էր Պոմպեոյի հայտարարած ուղեւորության պատճառից եւ այն «երեսպաշտական» անվանել։
Սակայն պարզվել էր, որ Պոմպեոն Չավուշօղլուին հրավիրել էր հանդիպել Ստամբուլում այն բանից հետո, երբ հրաժարվել էր Անկարա այցելել։ Bloomberg-ի թուրքական աղբյուրը պարբերականին հայտնել է, որ Չավուշօղլուն վիրավորվել էր Պոմպեոյի վերաբերմունքից։
ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ Պոմպեոն ոչ մի վիրավորական բան նկատի չի ունեցել՝ կապված թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում չունենալու հետ, եւ դա բացատրել է «ժամանակացույցի սխալով»։
Պոմպեոն դեմ էր հանդես եկել Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերափոխելուն։ Տաճարը ամբողջ աշխարհի ուղղափառ քրիստոնյաների համար հատուկ հոգեւոր նշանակություն ունի, եւ Էրդողանի որոշումը քննադատվել է մյուս երկրների, ներառյալ Հունաստանի եւ Ռուսաստանի կողմից։